ԱՄՆ քաղաքականությունը Հայաստանում ունի երեք հիմնական ուղղություն` կայունությա եւ անվտանգության հաստատում տարածաշրջանում, ժողովրդավարության ամրապնդում եւ քաղաքացիական հասարակության ինստիտուտների կայացում ու Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացում: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Էնթոնի Գոդֆրին: Նրա խոսքերով, դրան է ուղղված նաեւ ԱՄՆ եւ Հայաստանի կառավարությունների միջեւ կնքված վերջին «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը, որը կսկսի գործել 2007 թվականի սեպտեմբերից: «Նախնական նախապատրաստումն արդեն ավարտված եւ մենք հուսով ենք, որ 236 մլն դոլարը, որ կուղղվեն գյուղատնտեսության զարգացմանը, ներառյալ ջրամատակարարման եւ ճանապարհների վերակառուցումը, կբարելավի գյուղաբնակների սոցիալ-տնտեսական վիճակը: Ես պետք է ընդգծեմ, որ ծրագրի իրագործումը մեծապես կախված է 2007 թվականի մայիսին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների անցկացումից: Եթե ընտրություններն անարդար ճանաչվեն, «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը կարող է դադարեցվել: Սակայն ես լավատես եմ եւ կարծում եմ, որ ընտրությունների հետ կապված ամեն ինչ լավ կլինի»,-նշել է Գոդֆրին: Նա նաեւ նկատել է, որ ազատ եւ թափանցիկ ընտրությունների անցկացման գործում մեծ դեր պետք է ունենան հայկական ԶԼՄ-ները իրենց անկախության եւ վարձու չլինելու փորձով:





