AM
24 Հունվար 2007 - 12:54 AMT

Պաշտոնական Բաքուն իրավասու չէ լուծել ԼՂՀ հետ կապված հարցերը

Պաշտոնական Բաքուն իրավասու չէ լուծել ԼՂՀ որեւէ միջազգային առաքելության գործուղման հետ կապված հարցեր: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԼՂՀ նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Արման Մելիքյանը: «ԵՄ առաքելության ներկայության համաձայնություն կարող են տալ միայն ԼՂՀ իշխանությունները, այդ հարցը լուծվում է Ստեփանակերտում, այլ ոչ թե Բաքվում: Այլ բան է, որ ԵՄ համար Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մի մասն է: Դա տեղի է ունենում այն պատճառով, որ մինչ այժմ ԼՂՀ-ն բանակցային կողմ չէ: Խոսում են միայն Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումների մասին, եւ ստացվում է, որ դա հայ-ադրբեջանական հակամարտություն է, այլ ոչ թե ղարաբաղյան, ինչն արմատապես սխալ է»,-ընդգծել է Մելիքյանը: Նա նաեւ նկատել է, որ Հայաստանն այս հարցում կարող է միայն հավանություն տալ նման առաքելությանը:

Հիշեցնենք, որ Հարավային Կովկասի գծով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին հայտարարել է, որ եթե Ադրբեջանը համաձայնվի, մենք առաքելություն կգործուղենք Լեռնային Ղարաբաղում վստահության մթնոլորտի ձեւավորման համար ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքում: Այդ մասին հայտարարել է Հարավային Կովկասի գծով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին: Նրա խոսքերով, առաքելության նպատակն է հակամարտության գոտիներում այն միջոցառումների անցկացման հեռանկարների ուսումնասիրումը, որոնք նախատեսված են գործողությունների ծրագրով Եվրամիության նոր հարեւանության քաղաքականության շրջանակներում: