Թուրքական դատարանը որոշել է նախնական կալանքի ենթարկել 17-ամյա Օգյուն Սամաստին, որը խոստովանել է թե սպանել է հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքին: Օգյուն Սամաստը կմնա Բայրամպասի բանտում մինչեւ որ դատախազությունը մեղադրանք ներկայացնի: Իր 4-էջանոց խոստովանության մեջ Սամաստը հայտարարել է, որ մի քանի ամիս շարունակ իր մոտ էր կրում Դինքի լուսանկարը եւ Ստամբուլ մեկնելուց մի քանի օր առաջ մարզել է իր հրաձգային ունակությունները: Նա նաեւ հայտարարել է, որ դրամական պարգեւ է ստացել սպանության համար: Ըստ թուրքական օրենքների, նման սպանությունը ենթադրում է ցմահ բանտարկություն: Սակայն Սամաստը անչափահաս լինելով, կարող է դատապարտվել 18-24 տարվա ազատազրկման:
Ավելի վաղ թուրքական թերթերը հաղորդել էին, որ Հրանտ Դինքի սպանության գործով ոստիկանությունը ձերբակալել է եւս մեկ ուսանողի եւ հրապարակել է մի լուսանկար, որտեղ նա լուսանկարված է ծայրահեղ ազգայնամոլական քաղաքական կուսակցության առաջնորդների հետ:





