Առաջին անգամ Նիդերլանդների հայերը, թուրքերը եւ քրդերը համատեղ ցույցի դուրս եկան Հաագայում, բողոքելով Հրանտ Դինքի սպանության դեմ եւ հայտարարություն փոխանցեցին Թուրքիայի դեսպանատանը: Ինչպես PanARMENIAN.Net-ին են հաղորդել Նիդերլանդների հայկական կազմակերպությունների դաշնությունում (FAON), շուրջ 1000 մարդ էր հավաքվել հոլանդական խորհրդարանի շենքի առջեւ այն ժամանակ, երբ Ստամբուլում սկսվեց Դինքի հուղարկավորությունը: Հայերը Հաագա էին եկել ամբողջ երկրից եւ հրապարակում հադիպել թուրքերի, քրդերի, արամեացիների, ասորիների եւ հոլանդացիների հետ, որոնք եկել էին իրենց վրդովմունքը հայտնելու «Ակոս» թերթր գլխավոր խմբագրի սպանության կապակցությամբ: Լռության երկու րոպեից հետո հավաքվածների առջեւ հանդես եկան հոլանդական խորհրդարանի պատգամավորներ` քրիստոնյա-դեմոկրատներ, կանաչներ եւ սոցիալիստներ, որոնք իրենց վրդովմունքն են հայտնել այդ սպանությամբ:
FAON-ի մամլո քարտուղար Ինգե Դրոստի խոսքերով, տարբեր էթնիկ խմբերի միավորումը առավել լավ ապագայի հույս է ներշնչում ինչպես Թուրքիայում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: «Ցույցի մասնակիցների պատվիրակությունը հռչակագիրը հանձնել է արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Հանս վան Բալենին: Հատկանշական է, որ խորհրդարանականների հետ պատվիրակության հանդիպմանը ներկա են եղել նաեւ թուրք պատգամավորներ: Այնուհետեւ ցուցարարները լուռ ուղղվել են դեպի թուրքական դեսպանատուն, կրելով Հրանտ Դինքի դիմանկարները «Ե՞րբ է վերջ դրվելու Հայոց ցեղասպանությանը» վերտառությամբ: Այդ իրադարձությունը շաը լայնորեն է լուսաբանվել ազգային եւ տարածքային հեռուստատեսությունների կողմից, ինչպես նաեւ տպագիր մամուլի կողմից»,-ընդգծել է Ինգե Դրոստը:





