Կոնգրեսական Ադամ Շիֆը, որ Հայաստանին աջակցող խմբի անդամ է, ԱՄՆ Կոնգրեսում տարածել է իր` հայ-թուրքական «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության առիթով Թուրքիայի վարչապետին հասցեագրված նամակը եւ կոչ է արել Ներկայացուցիչների պալատի անդամներին հավելել իրենց ստորագրությունները: Նամակում կոչ է արվում Էրդողանին անձնական հսկողության տակ առնել Դինքի սպանության հետաքննությունը եւ երաշխավորել, որ նման հանցագործություններին պետք է վերջ դրվի, եւ որ հանցագործը կպատժվի: «Անկեղծ եւ ականավոր ձայների լռեցումը ոչ միայն ողբերգություն է, դա ողբերգություն է բոլոր նրանց համար, ովքեր հավատում են ազատությանն ու անկախ մամուլին, եւ նրանց, ով չի մոռանում անցյալի դասերը: Մենք հուսով ենք, որ դուք կօգտագործեք Հրանտ Դինքի սպանության դեպքը եւ կփոխեք «թուրք ինքնության վիրավորման» համար պատժող օրենքը, քանի որ Դինքը դատապարտվել էր հենց Թուրքիայի ՔՕ այդ 301-րդ հոդվածով վեց ամսվա պայմանական ազատազրկման նրա համար, որ գրում էր Հայոց ցեղասպանության մասին»,-ասվում է նամակում: Վերջում Ադամ Շիֆը խնդրում է Էրդողանին իր ցավակցությունները հայտնել սպանվածի ընտանիքին եւ գործընկերներին, հաղորդում է Ամերիկայի Հայկական Համագումարը (ԱՀՀ):





