PAN-ը հակիրճ ներկայացնում է անցած հանգստյան օրերի կարևորագույն իրադարձությունները` նրանց համար, ովքեր չեն հետևել լրահոսին:
ՌԴ-ն երկարացրել է ՀՀ համար գազի արտոնյալ գինը` $165 հազար խմ համար, մինչև 2016-ի առաջին եռամսյակի ավարտը: Երևանն ու Մոսկվան այժմ բանակցություններ են վարում գազի գինն էժանացնելու համար՝ համապատասխան խնդրանքով էր դիմել ՀՀ կառավարությանը խոշոր բիզնեսը, հաշվի առնելով միջազգային շուկաներում էներգակիրների գները անկումը:
Մոսկվայում ընթացող Հավակնորդների մրաշարում հայ գրոսմեյստեր Լևոն Արոնյանը ոչ ոքի խաղաց Անիշ Գիրիի ու Վիշվանաթան Անանդի հետ և հաղթեց Վեսելին Տոպալովին: Հայ շախմատիստը հավաքեց երկու միավոր և հավասարվեց առաջատարներ Վիշվանաթան Անանդին ու Սերգեյ Կարյակինին:
Հայաստանը 4 մեդալ նվաճեց Ռիգայում կայացած Եվրոպայի ըմբշամարտի առաջնությունում: 71 կգ քաշային կարգում Վարշամ Բորանյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, Արթուր Ալեքսանյանը և Ռոման Ամոյանն արծաթ են նվաճել 98 կգ և 59 կգ քաշային կարգերում, իսկ Կարապետ Չալյանը դարձել է 75 կգ քաշային կարգում բրոնզե մեդալակիր:
Անկարայի կենտրոնում ամսվա ընթացքում երկրորդ ահաբեկչությունն է տեղի ունեցել: Պայթյունում զոհվել է 34 մարդ, 120-ից ավելին վիրավորվել է: Թուրքիայի իշխանությունները մեղադրել են ահաբեկչության մեջ Քրդստանի բանվորական կուսակցության մարտիկներին: ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել է ահաբեկչությունը:
Սիրիայում «Ջեհբաթ Ան-Նուսրայի» ահաբեկիչները տիրացել են ամերիկյան զենքով պահեստների: Զենքը նախատեսվում էր ԱՄՆ աջակցությունը վայելող Սիրիական ազատ բանակի մարտիկների համար: Հայտնի է, որ, ի թիվս այլ զինատեսակների, ծայրահեղականները տիրացել են ամերիկյան ժամանակակից հակատանկային միջոցների:
Միգրացիոն ճգնաժամի ֆոնին Գերմանիայում կայացած տեղական ընտրություններում զգալի հաջողություններ են գրանցել ներգաղթյալների ներհոսքը կասեցնել կոչ անող ուժերը: «Գերմանական այլընտրանք» դաշինքը շոշափելի արդյունքներ է գրանցել Սաքսոնիա-Անհալթ, Բադեն-Վյուրթեմբերգ ու Ռեյնլանդ-Պփալց երկրամասերում: Անգելա Մերկելի «Քրիստոնյա-դեմոկրատական միությունը», համապատասխանաբար, կորցրել է մեծամասնությունն այդ տարածաշրջաններում:





