ՆԱՏՕ-ն հավանություն է տալիս Հարավային Կովկասում բոլոր հակամարտությունների խաղաղ, բանակցային կարգավորմանը: Տարածաշրջանի երկրները պետք է իրենք գտնեն առկա հակամարտությունների լուծումը, օգտագործելով եղած կառույցները: Այդ մասին հայտարարել էՀարավային Կովկասի եւ Միջին Ասիայի երկրներում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը: «Անկասկած, ՆԱՏՕ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբին, եւ հատկապես, այն ջանքերին, որոնք գործադրում են համանախագահները ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Մենք ողջունում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եւ ԱԳՆ ղեկավարների հանդիպմանն արձանագրված առաջընթացը»,-ասել է Սիմոնսը: Նա նաեւ նշել է, որ ՆԱՏՕ-ն այս դեպքում ուղղակի դերակատարություն չունի, որ ինչ-որ կերպ կարողանար ընդհատել ուղղակի բանակցությունները երկու երկրների միջեւ կամ խափանել ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահության ջանքերը, հաղորդում է ԱՊԱ-ն:





