Երեկ Եվրախորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգել է հունվարի 19-ին Ստամբուլում սպանված հայ-թուրքական «Ագոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի հիշատակը: «Եվրախորհրդարանի անունից ցանկանում եմ վրդովմունք հայտնել այս հանցագործության կապակցությամբ: Այն փաստը, որ Դինքի հուղարկավորությանը հազարավոր մարդիկ էին ներկա, մեզ հուսադրում է, որ այս ցավալի դեպքը Թուրքիայի ղեկավարության համար առիթ կհանդիսանա շարունակել բարեփոխումները եւ ապահովել խոսքի ազատությունը»,- հայտարարել է եվրախորհրդարանական Հանս-Գերտ Պոտերինգը: Նշենք, որ Եվրամիությունը բազմաիթվ անգամներ կոչ էր արել Թուրքիային փոփոխել քրեական օրենսգրքի այն կետերը, որոնք խոչընդոտում են խոսքի ազատությանը:





