AM
7 Փետրվար 2007 - 11:59 AMT

Բաքվում Պուտինի հայտարարությունը «շատ անհաջող կատակ են» անվանում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո ասուլիսից երեւում է, որ ռուս-ադրբեջանական հարաբերություններում հստակորեն սառնության նշաններ են նկատվում: Այդ մասին հայտարարել է Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի Կոնֆլիկտոլոգիայի բաժնի ղեկավար Արիֆ Յունուսովը: Նրա խոսքերով, Վ. Պուտինի պատասխաններն այդ մամլո ասուլիսի ժամանակ հաստատեցին այդ փաստը: «Նա բավականին զուսպ էր Ադրբեջանի նկատամամբ եւ պարզապես կոմպլիմենտներ էր շռայլում Հայաստանի հասցեին: Դեռ մի քանի ամիս առաջ նրա արտահայտությունները` Ղարաբաղյան հակամարտության եւ, ավելի լայն, Ադրբեջանի հետ հարաբերությունների վերաբերյալ, այլ էին, եւ դա աչք է զարնում: Այսինքն, եթե ամփոփենք վերը նշվածը, ապա ստացվում է հետեւյալ պատկերը. Ռուսաստանում հասկանում են, որ իրենց կոպիտ գործողություններով միայն մղեցին Ադրբեջանին Արեւմուտքի գիրկը, գազային շանտաժը տապալվեց եւ չտվեց այն արդյունքը, որին սպասում էին Մոսկվայում: Արդյունքում, եթե առաջ Ռուսաստանը մեկ արտաքին քաղաքական մինուս ուներ (Վրաստան), ապա այժմ ստացավ եւ երկրորդը` ի դեմս Ադրբեջանի: Մնացել է Հայաստանը: Եթե նրան էլ Ռուսաստանը կորցնի, այդ դեպքում կարելի է դա գնահատել որպես Հարավային Կովկասում Ռուսաստանի քաղաքականության կատարյալ տապալում: Այդ պատճառով, Մոսկվայում, ամենայն հավանականությամբ, կձգտեն ավելի ամրապնդվել Հայաստանում, եւ միեւնույն ժամանակ կփափկացնեն իրենց քաղաքականությունը Ադրբեջանի եւ Վրաստանի նկատմամբ»,- հայտարարել է Արիֆ Յունուսովը:

Մեկնաբանելով Վլադիմիր Պուտինի մաղթանքը հայերին կամ ադրբեջացիներին վերականգնել Աղդամը, քանի որ «այնտեղի պորտվեյնը մեծ հաջողություն ուներ նախկին ԽՍՀՄ ամբողջ տարածքում»` ադրբեջանցի քաղաքագետը հայտարարեց. «Կարելի է տարբեր մեկնաբանություններ տալ Վ. Պուտինի հայտարարությանը, ինչը եւ տեղի ունեցավ մեզ մոտ: Մեկն այն լուրջ ընդունեց եւ վիրավորական համարեց: Մեկը խոսեց Ադրբեջանի հասցեին հնչած թաքնված սպառնալիքի մասին: Իսկ կարելի է դա ընդունել որպես ռուսական նախագահի անհաջող կատակ: Չէ որ, միայն ամերիկացի նախագահ Ջորջ Բուշ կրտսերը չէ որ նման մամլո-ասուլիսների ժամանակ բազմաթիվ անհաջող, երբեմն նույնիսկ հիմար հայտարարություններ անում, այլեւ շատ ուրիշ առաջնորդներ եւս: Այդ թվում եւ Վ. Պուտինը»:

«Ես գտնում եմ, որ ամենայն հավանականությամբ, Վ. Պուտինը պարզապես ցանկացել է թուլացնել դահլիճում տիրող լարվածությունը եւ կատակել, սակայն ստացվեց Չերնոմիրդինի ոճով. «ցանկացա ավելի լավ, ստացվեց ինչպես միշտ»: Չնայած, իհարկե, նման աստիճանի քաղաքական գործիչը, ինչպիսին Վ. Պուտինն է, պետք է հասկանա, որ Ղարաբաղյան հակամարտության նման ցավալի թեմայի շուրջ կատակներն անտեղի են: Գտնում եմ, որ Ադրբեջանի ղեկավարությանը չարժե ուշադրություն դարձնել դրան»,- նշել է Արիֆ Յունուսովը, հաղորդում է Day.az-ը: