ԱՄՆ վարչակազմը մտադիր է համոզել ԱՄՆ Կոնգրեսին չընդունել Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը: Այդ մասին Ստամբուլում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Մեթյու Բրայզան: «Սակայն դա շատ դժվար է անել, քանի դեռ Թուրքիան չեղյալ չի հայտարարել խոսքի ազատությունը սահմանափակող օրենքը»,-ասել է Բրայզան:
Նրա կարծիքով, 1915 թվականի իրադարձությունների զոհերի հիշատակը լավագույնս հարգելու եւ ապագայում նման հանցագործության կրկնությունը կանխելու լավագույն միջոցն իրադարձությունների «խորը վերլուծությունն է»: «ԱՄՆ Կոնգրեսի բանաձեւն ուղղակի սահմանափակումների կհանգեցնի բուն Թուրքիայում եւ կխստացնի դիրքորոշումը, որը կբարդացնի ներքին բանավեճը»,-ընդգծել է Մեթյու Բրայզան: Նա կոչ է արել լայն քննարկումներ ծավալել այդ հարցի շուրջ փորձագետների, պատմաբանների եւ հասարակ մարդկանց շրջանում, նշելով մարդկանց համակրանքի ալիքը սպանված Հրանտ Դինքի հանդեպ, ինչը վկայում է այն մասին, որ շատերը Թուրքիայում ցանկանում են հաշտվել իրենց անցյալի հետ: «Կոնգրեսի բանաձեւը «սպանում է գործընթացը»: Անհնար է արտաքին աշխարհին համոզել, որ Թուրքիայում հնարավոր են բաց բանավեճեր, քանի որ այդ խնդրի մասին խոսող մարդիկ հետապնդվել են: 301-րդ հոդվածը պետք է չեղյալ հայտարարվի»,-ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալը, հաղորդում է Today’s Zaman-ը:





