AM
12 Փետրվար 2007 - 14:19 AMT

ՀՀ-ում նավթամշակման գործարանի կառուցման հեռանկարներն իրական են եւ հուսադրող

Մեղրիում նավթամշակման գործարանի (ՆՄԳ) նախագծի վերաբերյալ տեղեկատվությունը հնչեցվել է բարձրագույն մակարդակով Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումից հետո, ինչն, անկասկած, էապես բարձրացնում է հաջողության շանսերը: Գլխավորն հարցն այն է, թե ինքն Իրանը կհամաձայնվի նավթի հումք արտահանել հարեւան Հայաստան, իսկ հետո գնել նրանից պատրաստի ապրանքը, թե ոչ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել վերլուծական «Կովկաս» կենտրոնի փորձագետ Վիկտոր Յաղուբյանը: «Այն բանի օգտին, որ Թեհրանին ձեռնատու է նման նախագիծը, կարող են վկայել մի քանի գործոններ: Առաջինը, իրանական կողմն այսօր հաճույքով է ընդունում ցանկացած միջազգային նախագիծ, ինչը որոշ չափով մեղմացնում է Վաշինգտոնի ջանքերն այդ երկրի մեկուսացման ուղղությամբ: Մյուս կողմից, Իրանը հիանալի հասկանում է, որ ԱՄՆ եւ Իսրայելի ծրագրերը նրա միջուկային եւ խոշոր էներգետիկ եւ արդյունաբերական ակտիվների ոչնչացման վերաբերյալ կարող են իրականություն դառնալ, իսկ Մեղրիի ՆՄԳ-ին նման բան չի սպառնա»,-նշել է նա:

Նա ընդգծել է, որ ռուս-իրանական բանակցությունների առանցքային թեման է ռուսական «Գազպրոմ» գազի հոլդինգի մասնակցության հեռանկարները իրանական գազի հետախուզմանը, արդյունահանմանը եւ տեղափոխմանը, մասնավորապես, Հարավային Պարս հանքավայրից, ինչպես նաեւ «Լուքօյլի» դուստր ձեռնարկության` «Լուքօյլ Օվերսիզի» գործունեությունը: Ըստ ռուսական աղբյուրների, «Լուքօյլ Օվերսիզը» Իրանի «Անարան» հանքավայրի մշակման, նավթի արդյունահանման եւ տեղափոխման վերաբերյալ պայմանագրի ստորագրման փուլում է: «Ընկերությունը հետազոտություններ է անցկացրել եւ հաստատել է նավթի արդյունահանման արդյունավետությունն այդ հանքավայրում: Հնարավոր է, որ ռուսական ընկերությունները կարողանան ապագայում նավթի որոնման եւ արդյունահանման աշխատանքներ կատարել Իրանի 17 նավթահորերում: Եթե ռուսական ընկերություններն այնուամենայնիվ սկսեն արդյունահանել եւ տեղափոխել իրանական նավթը, հենց Հայաստանն է դառնում ամենահարմար վայրը այն վերամշակելու համար, քանի որ քչերն են այսօր որոշում ներդրումներ անել Իրանում, իսկ ՆՄԳ կարռուցել Թուրքիայում կամ Ադրբեջանում ռուսական կողմի համար ուղղակի վտանգավոր է աշխարհատնտեսական տեսակետից»,-գրում է Յաղուբյանը:

Նրա խոսքերով, նախագծի շրջանակներում խոսվում էր Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության վերաբերյալ ծրագրերի մասին: Հայ վերլուծբանը համոզված է, որ առանց Հայաստանից երկաթուղային ելքի, ընդ որում լավ ծանրաբեռնված ելքի, Ռուսաստանի Երկաթուղիների կողմից նոր ճյուղ կառուցելու շահագրգռվածություն չէր լինի: «Ընդհանուր առմամբ, ՆՄԳ հեռանկարները Մեղրիում ես համարում եմ իրական եւ հուսադրող, իսկ իրականացման մեխանիզմները` չափազանց աշխատատար»,-ասել է Վիկտոր Յաղուբյանը: