Մյունխեն այցելության ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հանդիպում ունեցավ Վրաստանի ԱԳ նախարար Գելա Բեժուաշվիլիի եւ ԵՄ նախագահող Գերմանիայի ԱԳՆ քաղաքական տնօրեն Մայքլ Շեֆերի հետ: Վարդան Օսկանյանն ու Գելա Բեժուաշվիլին քննարկվեցին երկկողմ հարաբերությունների ներկա մակարդակը, տարածաշրջանում առկա հակամարտությունների վերաբերյալ երկու երկրների մոտեցումները, Հայաստանի եւ Վրաստանի պետական սահմանի սահմանագծման գործընթացը ավարտին հասցնելու հնարավորությունները:Նախարարը կրկին անգամ վրաց գործընկերոջը ներկայացրեց Հայաստանի դիրքորոշումը ՎՈՒԱՄ-ի` ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում նախաձեռնած բանաձեւի կապակցությամբ` ընդգծելով, որ դրա ընդունումը բացասաբար կանդրադառնա տարածաշրջանում վստահության մթնոլորտի ձեւավորման վրա:
Մայքլ Շեֆերի հետ հանդիպմանը քննարկվեցին Հայաստան-ԵՄ համագործակցության հեռանկարները ԵՄ Նոր հարեւանություն քաղաքականության շրջանակում, հայ-թուրքական հարաբերությունների եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների ներկա վիճակը:
Փետրվարի 11-ին ՀՀ արտգործնախարարը այցելեց Քյոլն, որտեղ հանդիպեց հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը նախարար Օսկանյանը ներկայացրեց Հայաստանում բարեփոխումների գործընթացը, ԼՂ խնդրի շուրջ բանակցությունների ընթացքը, 2006թ. Հայաստան-Սփյուռք երրորդ խորհրդաժողովի ընդունած որոշումների իրականացման հարցերը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:





