«Թուրքիայի կողմից իր առջեւ ծառացած մարտահրավերներին դիմակայելու ամենաարդյունավետ ճանապարհը քրդերով բնակեցված շրջանների տնտեսական զարգացումն է», – փաստում են Jane’s հետազոտական կենտրոնի վերլուծաբաններն ու որպես դեղատոմս առաջարկում բացել հայ – թուրքական սահմանը: Ամերիկացի վերլուծաբանների գնահատմամբ, Թուրքիայում փաստացի կառավարությանն առընթեր գործող «ստվերային կառավարությունը»` զինվորականությունը, այժմ խստորեն մտահոգված է նաեւ Իրաքի անկայունությամբ եւ հորդորում է Միացյալ Նահանգներին քուրդ անջատողականների դեմ Իրաքի հյուսիսում համատեղ ռազմական գործողություններ իրականացնել: «Թուրքիայի հետախուզական ծառայություններն ու զինվորական ներուժը այժմ քրդական երեւութական պետությունը դիտարկում են որպես լուրջ սպառնալիք` Թուրքիայի անվտանգության եւ կայունության համար»,-գտնում են փորձագետները: Հայ – թուրքական սահմանի բացման դեպքում, ըստ Jane’s-ի փորձագետների, սահմանային առեւտրից առաջին հերթին կշահեն արեւելյան Թուրքիայի քրդական շրջանները:
«Քանի որ Թուրքիայի զինվորականությունն այժմ հայ – թուրքական սահմանի բացումը դիտարկում է ոչ այնքան որպես սպառնալիք, որքան արեւելյան Թուրքիայում սեփական նպատակներին հասնելու միջոց, հնարավոր է, որ նույնիսկ պահպանողական շրջանակների կողմից նախապատվությունը տրվի հայ – թուրքական սահմանի բացմանը», – ընդգծում են Jane’s-ի վերլուծաբանները, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:





