AM
14 Փետրվար 2007 - 09:35 AMT

Թուրք դիվանագետը «խորհուրդ է» տալիս Հայաստանին «խելքի գալ»

Դեմոկրատների կողմից առավելության հասնելը Կոնգրեսում անհուսալի վիճակում չի դնում Թուրքիային, հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ Գործադիր աշխատակազմի նախկին ղեկավար, ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան, Հանրապետական-ժողովրդական կուսակցությունից պատգամավոր Շուքրյու Էլեկդագը: Նրա խոսքերով, «անհրաժեշտ է, որ թուրք դիվանագետները մեկնեն ԱՄՆ եւ կապեր հաստատեն Դեմոկրատական կուսակցության հետ»: Նա նշել է նաեւ, որ ոչ բոլոր դեմոկրատ-կոնգրեսականներն են հանդիսանում Թուրքիայի հակառակորդները: «Նրանց թվում կան մեզ աջակցող բազում մարդիկ: Մենք կհանդիպենք նրանց հետ, կբացատրենք, թե որքան կարող է «ցեղասպանությունը» ճանաչելու վերաբերյալ որոշումը վնասել Թուրքիայի հետ հարաբերություններին»,-հայտարարել է Էլեկդագը: Նախկին դիվանագետը նշել է, որ Թուրքիայի կառավարությունն ու ԱԳՆ-ն այստեղ սխալ են թույլ տվել: «Ավելի վաղ նշվում էր, որ ԱՄՆ հայկական սփյուռքն ուժեղ է եւ նա է կանգնած բոլոր որոշումների նախագծերի ետեւում: Սակայն այժմ նման բան չկա: Հայաստանի անկախացումից հետո, արտաքին քաղաքականությունը եւ սփյուռքի կառավարումն իրագործվում է Երեւանից: Այդ աշխատանքի դիրիժորն ու համակարգողը Հայաստանի դեսպանն է Վաշինգտոնում: Այդ պատճառով մեր քաղաքականությունը Հայաստանի հանդեպ պետք է վերանայել: Ոչ մի թուրք չի ընդունի Թուրքիայի Հայաստանի հետ մուկն ու կատվի խաղը: ԱՄՆ եւ Եվրամիության ճնշման ներքո մենք փոխեցինք մեր քաղաքականությունը Հայաստանի հանդեպ… Թուրքիան պետք է ճնշում գործադրի Հայաստանի վրա` «Հայոց ցեղասպանության» ճանաչման վերաբերյալ որոշման ընդունումը կանխելու համար Թուրքիան առաջին հերթին պետք է դադարեցնի ավիահաղորդակցությունը եւ անուղղակի արտահանումը Հայաստան, արտաքսի 70 հազար նրա քաղաքացիներին: Հայաստանին պետք է հասկացնել, որ նա խելքի գա: Նա պետք է հասկանա, որ եթե հակաթուրքական քաղաքականություն վարի, նրա վրա դա թանկ կնստի», հայտարարել է թուրք դիվանագետը, հաղորդում է ԱՊԱ գործակալությունը: