Եթե պայմանավորվածություն չկա ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացի բոլոր տարրերի վերաբերյալ, ուրեմն արդյունք չկա: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Նրա խոսքերով, բանակցային գործընթացի այդ տարրերը, որոշ առումով սուբյեկտիվ զգացողություն է, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարող են որոշ չափով տարբեր կերպ ընկալել այդ կետի կարեւորությունը: Սակայն, այնուամենայնիվ, նրանցից յուրաքանչյուրը կասի, որ եթե չկա այդ կետը, ապա ոչինչ չկա: «Կարծում եմ, արդեն շատ բանի հաջողվել է հասնել, կողմերի հասկացողություն կա այն հարցերի շուրջ, որոնք արդեն քննարկվել են Պրահայի գործընթացի շրջանակներում: Կողմերի դիրքորոշումները մերձեցել են, սակայն ոչ մինչեւ վերջ, ոչ բոլոր հարցերի շուրջ: Հուսով եմ, որ մոտակա հանդիպումը կօգնի մշակել այնպիսի մոտեցումներ, որոնք հետո կօգնեն նախարարներին մերձենալ»,-նշել է նա:
Ընդ որում, Ա.Կասպրշիկը նկատել է, որ բանակցային գործընթացում արդեն մեծ աշխատանք է տարվել, դա հուսադրում է, մնացել է անցնել ճանապարհի ավելի փոքր մասը: «Հուսով ենք, որ եթե քաղաքական կամք լիներ սկզբնական հարցերի վերաբերյալ, հնարավոր կլիներ հուսալ, որ այդ քաղաքական կամքը մնա նաեւ մնացածի կարգավորման համար»,-ընդգծել է նա: «Ինչ վերաբերում է փոխզիջումներին, ի վերջո, ժողովուրդները պետք է հավանություն տան բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածություններին, առանց դրա նախագահների համար դժվար կլինի: Ժողովուրդը պետք է հասկանա, թե ինչու է նման պայմանագիր կնքվել, նման փոխզիջումներ են արվել, ինչ է նա դրանից շահում: Բարդությունը նրանում է, որ անհնար է բացահայտել այն, ինչ մինչեւ վերջ որոշված չէ, քանի որ եթե հարցը որոշված չէ, ապա անհնար է խոսել այն հաջողությունների մասին, որը կողմերը շահավետ կհամարեն իրենց համար: Այդ իմաստով ես որոշ չափով համաձայն եմ Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ, որն ասում էր, թե մենք այն ժամանակ կկարողանանք պատրաստել ժողովրդին, երբ այնպիսի պահի հասնենք, որ այն , ինչ կարողանանք ասել, անշրջելի լինի: Համանախագահները գտնում են, որ ժողովրդին պետք է նախապատրաստել, բացատրել, որ զիջումներ են հարկավոր, դրանից ինչ օգուտ կարելի է քաղել: Պետք է խուսափել իրավիճակի սրումից: Եթե գնալ այդ ուղղությամբ, այն ժամանակ հնարավոր կլինի պատմել կարգավորման պլանի մասին»,-հայտարարել է Անջեյ Կասպրշիկը, հաղորդում է ԱՊԱ-ն:





