AM
15 Փետրվար 2007 - 11:09 AMT

ԵԱՀԿ ղեկավար. Իրավիճակը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բավարար է թվում

ԵԱՀԿ-ում Իսպանիայի նախագահության առաջնայնություններից մեկը համագործակցությունն է կազմակերպության մասնակից երկրների հետ` այդ պետություններում առկա հակամարտությունների կարգավորման նպատակով: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Իսպանիայի արտգործնախարար Միգել Անխել Մորատինոսը: «Մենք գտնում ենք, որ այս կամ այն հակամարտության մեջ ներքաշված երկրները չպետք է լինեն գործընթացի անտագոնիստները: Նրանք պետք է միասնական դիրքերից հանդես գան»,-հայտարարել է նա: Մորատինոսը հայտարարել է նաեւ, որ լիովին աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին այս հարցում` գտնել ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծում, որը կբավարարի կողմերին: «Վերջին հանդիպմանը համանախագահները տեղեկացրել են ինձ նրանց գործունեության ընթացքում հակամարտության կողմերի հետ ունեցած շփումների մասին: Բացի այդ, նրանք պատմել են համագործակցության գաղափարների մասին, որ պետք է նպաստեն հակամարտության օպտիմալ լուծմանը»,-ասել է նա:

Մեկնաբանելով ներկա իրավիճակը ղարաբաղյան հակամարտության շուրջ` Մորատինոսը հայտարարել է. «ԵԱՀԿ ՄԽ համանախագահների եւ իմ անձնական ներկայացուցչի հետ վերոնշյալ հանդիպումից հետո, պատկերն առավել պարզ դարձավ ինձ համար: Կարծում եմ, որ իրավիճակը հակամարտության շուրջ գոհացնող է: Ինձ գոհացնում են Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու փորձերը»,-հաղորդում է ԱՊԱ-ն: