AM
16 Փետրվար 2007 - 13:33 AMT

Թբիլիսին, Բաքուն եւ Անկարան նոր ռազմա-տնտեսական դաշինք են ձեւավորում

Հարավային Կովկասում նոր ռազմա-տնտեսական դաշինք է ձեւավորվում` Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի կազմով: Այդ մասին գրում է «Վոեննո-պրոմիշլեննի կուրիերը»: Հոդվածում հիշեցվում է, որ երեք երկրների ղեկավարներն անցյալ շաբաթ ստորագրել են Թբիլիսյան հռչակագիրը տարածաշրջանային համագործակցության միասնական իրականացման մասին: Բացի այդ, նախագահներ Միխայիլ Սահակաշվիլին, Իլհամ Ալիեւը եւ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավանություն են տվել եւ իրենց նախախարների ստորագրություններով ամրագրել են Հուշագիրը Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի միջեւ էներգետիկայի բնագավառում փոխըմբռնման եւ համագործակցության մասին, ինչպես նաեւ Կարս-Թբիլիսի-Բաքու նոր երկաթուղային գծի մասին համաձայնագիրը:

«Կարեւոր է նաեւ այն, որ Բաքուն եւ Անկարան երեք երկրների ղեկավարների թբիլիսյան հանդիպման նախօրեին նոր համաձայնագիր են ստորագրել ռազմական բնագավառում համագործակցության վերաբերյալ: Թուրքիան խոստացել է ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին, չնայած դրա չափերը չեն հրապարակվում: Նոր իրականության լույսի ներքո փորձագետներն արդեն ենթադրում են, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում, Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղին պետք է կարեւոր թիկունքային ճանապարհ դառնա` ադրբեջանական բանակին Թուրքիայից մատակարարելու համար: Իսկ Վրաստանի խնդիները նրանում են, որ հենց նա պետք է կառուցի Ախալքալաքից մինչեւ Թուրքիայի սահման հատվածը, ինչպես նաեւ ռազմական եւ տնտեսական տեսանկյունից ապահովի հայերով բնակեցված տարածքով անցնող հատված անվտանգությունը: Թբիլիսիում եւս լավ հասկանում են, որ դեպի Թուրքիա երկաթուղու կառուցումը կնվազեցնի վրացական նավահանգիստների տրանսպորտային եւ տարանցիկ ծանրաբեռնվածությունները, որոնց միջոցով իրականացվում են դեպի Եվրոպա հիմնական ծովային բեռնափոխադրումները»,- ասվում է «Կովկասյան եռանկյունի» հադվածում: