AM
27 Ապրիլ 2016 - 16:07 AMT

Ադրբեջանը կրկին արկակոծել է հայկական դիրքերը. Տեխնիկայի շարժ է նկատվել

Ապրիլի 27-ի ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հաստատված հարաբերական անդորրը ժամը 17:40-ի սահմաններում խախտվել է Ադրբեջանի կողմից:

Պաշտպանության բանակի մամուլի ծառայության հաղորդմամբ, ադրբեջանական զինուժը 82-մմ ականանետերից սկսել է արկակոծել Մարտակերտի ուղղությամբ տեղակայված հայկական կողմի մարտական դիրքերը (14 արկ):

Շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ նկատվել է նաև հակառակորդի տեխնիկայի շարժ:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ուշադիր հետևում են առաջնագծում տեղի ունեցող զարգացումներին և իրենց պատժիչ գործողություններով ճնշում հակառակորդի ակտիվությունը:

Ապրիլի 26-ի օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից ձեռնարկված ինտենսիվ հրետակոծությունները շարունակվել են նաև լույս 27-ի գիշերը: Ադրբեջանական զինուժը իր տրամադրության տակ եղած գրեթե բոլոր հրետանային զինատեսակներից, այդ թվում` ականանետերից, թնդանոթներից ու ՄՄ- 21 (Գրադ) կայանքներից ղարաբաղյան դիրքերի և խաղաղ բնակավայրերի վրա արձակել է ավելի քան 550 արկ: Առավել ինտենսիվ հրետակոծություններ են արձանագրվել շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ: Հրետակոծության են ենթարկվել Մարտակերտ, Ներքին Հոռաթաղ և այլ խաղաղ բնակավայրեր: