Լեհաստանը լավ կապեր ունի ղարաբաղյան հակամարտության կողմերի հետ եւ պատրաստ է մասնակցել բանակցություններին: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Լեհաստանի արտգործնախարար Աննա Ֆոտիգան: Նրա խոսքերով, ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը բանակցային գործընթացում շատ կարեւոր է: «Լեհաստանի համար կարեւոր է կառուցողական գործոն լինել սառեցված հակամարտությունների կարգավորման գործում: Սակայն մենք կմասնակցենք կարգավորմանը միայն հակամարտող կողմերի խնդրանքով»,-ընդգծել է Ֆոտիգան: Նա նաեւ նշել է, որ ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորումը ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում կնպաստի կայունության եւ անվտանգության հաստատմանը Հարավային Կովկասում: Ինչ վերաբերում է ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից նրան վերագրվող հայտարարությանը «հակամարտության լուծման դեպքում սահմանների տարածքային ամբողջականության պահպանման մասին», ապա Ա.Ֆոտիգան ասել է, որ տարիների ընթացքում սովորել է, որ իր խոսքերը սխալ են փոխանցվում եւ մեկնաբանվում: «Ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը իմ խոսքերը ներկայացրել է համատեքստից դուրս եւ ներկայացրել որպես լեհական կառավարության տեսակետ: Իրականում ես ասել եմ, որ սառեցված հակամարտությունները պետք է լուծվեն բոլոր կողմերի կարծիքը հաշվի առնելով»,-ընդգծել է նա:
Հիշեցնենք, որ «Թրենդը» մեջբերել էր Ա.Ֆոտիգայի հետեւյալ խոսքերը, «Բոլոր սառեցված հակամարտությունները Հարավային Կովկասի տարածքում, այդ թվում ղարաբաղյան հակամարտությունը, պետք է կարգավորվեն խաղաղ ճանապարհով, «հարգելով գոյություն ունեցող պետությունների տարածքային ամբողջականությունը»:





