«Հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի դասերն ու ոգին ողջ են»,-Ստամբուլի Բիլջի համալսարանում անցնող «Անցյալի ժառանգությունից դեպի սոցիալական աշխարհ եւ ժողովրդավարություն» խորագրով միջազգային կոնֆերանսում հայտարարել է գերմանական Կոնստանց համալսարանի ներկայացուցիչ Ալեյդա Ասսմանը: «Մենք բոլորս դեռ լսում ենք նրա ձայնը եւ ձգտում ենք ապրել նրա գաղափարներով»,-նկատել է նա: Ուշադրություն դարձնելով «Մենք բոլորս հայ ենք» պաստառներին, որ կրում էին Ստամբուլում Դինքի հուղարկավորության մասնակիցները, Ասմանը նշել է, որ եթե 1938 թվականին, երբ Գերմանիայում հարձակման էին ենթարկվում սինագոգերը, ազգային փոքրամասնություն կազմող հրեաների տներն ու խանութները, «մենք կարողանայինք ասել` «Մենք բոլորս հրեա ենք», Հիտլերը չէր կարողանա անել այն, ինչ արեց», գրում է «Հյուրիեթ» թերթը:





