AM
27 Փետրվար 2007 - 09:50 AMT

ՄԱԿ-ի ԳՎ-ն կրկին կարող է վերադառնալ «սառեցված հակամարտությունների» հարցին

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի գարնանային նստաշրջանում կքննարկվի ՎՈՒԱՄ-ում «սառեցված հակամարտությունների» հարցը: Այդ մասին հաղորդել է ՄԱԿ-ում Մոլդովայի մշտական ներկայացուցիչը Ալեքսեյ Տուլբուլեն: Նրա խոսքերով, արդեն պատրաստ է ՎՈՒԱՄ երկրների առաջարկելիք բանաձեւի նախնական տարբերակը: «Բանաձեւի քննարկման եւ ընդունման հետ կապված շարունակվում են ակտիվ քննարկումները բազում երկրների, այդ թվում Ռուսաստանի հետ: Ես գտնում եմ, որ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի գարնանային նստաշրջանում կհաջողվի էական առաջընթաց գրանցել այդ հարցում: Մեր առաջարկած բանաձեւի նախագծում չկա ոչ մի օրիգինալ կամ շոկ առաջացնող բան, մենք հրաժարվել ենք դիմակայությունից»,-հայտարարել է նա: Ա.Տալբուլեն նշել է, որ բանաձեւի այս նախագիծը մեղմացվել է: «Այս փաստաթղթում չկան հարցեր, որոնք որոշ երկրներ կարող են անհատական կարգով առաջարկել, օրինակ, այդ երկրների տարածքից զորքերն անհապաղ դուրս բերելու մասին հարցը: Մենք չենք պահանջում նաեւ ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի մասնակցություն: Բանաձեւի հեղինակները սահմանափակվել են զուտ հռչակագրերով, որոնք հաստատում են իրենց երկրների տարածքային ամբողաջկանությունը: Բանաձեւի նման տարբերակի ընդունումը ՄԱԿ-ի ԳՎ կողմից առավել հավանական է: ՎՈՒԱՄ երկրները մտադիր են օգտագործել ՄԱԿ-ի ամբիոնը ոչ թե կոնկրետ որոշումների կատարման, այլ առկա խնդիրների վրա ուշադրություն հրավիրելու համար: Բանակցությունները Ռուսաստանի հետ այդ հարցի շուրջ ընթանում են նույն կարգով` նրանք դեմ են, մենք կողմ ենք բանաձեւի ընդունմանը: Ավանդական բալանսը պահպանվում է: Սակայն եթե Ռուսաստանը տարածքային ամբողջականությունը հաստատող այս բանաձեւին դեմ հանդես գա, կնշանակի, որ նա ինքն իրեն է վնասում»,-գտնում է Մոլդովայի ներկայացուցիչը, հաղորդում է ԱՊԱ գործակալությունը: