AM
13 Մարտ 2007 - 11:21 AMT

Ղարաբաղի հարցում Երեւանի եւ Ստեփանակերտի միջեւ որոշ տարաձայնություններ կան

«Անհնար է մի իրավիճակ պատկերացնել, որ Հայաստանը բանակցի Ադրբեջանի հետ եւ չիրազեկի գործընթացի վերաբերյալ Լեռնային Ղարաբաղին»: Այդ մասին Երեւանում ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասյեի հետ հանդիպման ավարտին կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը: Նրա խոսքերով, բնական է, որ Լեռնային Ղարաբաղը տեղեկացվում է, եւ Ստեփանակերտն իրազեկ է բոլոր մանրամասներին: «Սակայն քանի որ մենք անմիջական մասնակցություն չունենք բանակցություններին, մի խնդիր կա, քանի որ մենք զրկված ենք բանակցությունների ընթացքում առկա բոլոր նրբությունները զգալու հնարավորությունից»,-ասել է Ղուկասյանը: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ Ղարաբաղի հարցում Երեւանի եւ Ստեփանակերտի միջեւ որոշ աննշան, ինչպես նաեւ լուրջ տարաձայնություններ կան: «Հավանաբար իմ կողմից կոռեկտ չէ բարձրաձայնել այդ տարաձայնությունների մասին, քանի որ դա մեր ներքին խոհանոցն է: Մենք հուսով ենք, որ այն պահերի վերաբերյալ, որտեղ մեր դիրքորոշումները չեն համընկնում, մենք կկարողանանք համոզել Հայաստանին»,-նշել է նա: Նրա խոսքերով նա չի կարծում, թե Լեռնային Ղարաբաղը չի հասնի համաձայնության Հայաստանի հետ վիճահարույց հարցերի շուրջ: «Սովորաբար, այս կամ այն հարցերի քննարկումների ժամանակ մենք խուսափում ենք հույզերից, ներկայացնելով մեր փաստարկներն ու հիմնավորումները եւ, սովորաբար, հաղթում է առավել ծանրակշիռ փաստարկը»,-նկատել է նա եւ հավելել-«Ես գտնում եմ, որ մենք ունենք այդ հնարավորությունը»:

Անդրադառնալով մարտի 14-ին Ժնեւում կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը` Արկադի Ղուկասյանը նշել է, որ լուրջ ակնկալիքներ չունի այդ հանդիպումից: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ յուրաքանչյուր հանդիպում կարեւոր է: ԼՂՀ նախագահը դժվարացել է կանխորոշումներ անել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ժամկետների մասին, սակայն նշել է, որ բոլորի համար լավ կլինի, եթե այդ հարցը որքան հնարավոր է շուտ լուծվի: Քանի որ, շարունակել է նա, «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակից բոլորից շատ տուժում է Լեռնային Ղարաբաղը: «Մենք շահագրգիռ ենք, որ հարցը կարգավորվի, սակայն սկզբունքներ ունենք, որոնցից երբեք հետ չենք կանգնի»,-ընդգծել է Լեռնային Ղարաբաղի նախագահը եւ հավելել, որ եթե հարցը պետք է լուծվի Լեռնային Ղարաբաղի շահերի հաշվին, ապա, «բնական է, նման լուծում մեզ պետք չէ»: Միեւնույն ժամանակ, Ղուկասյանը նշել է, որ բացառում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման հնարավորությունը: Նրա խոսքերով, նախագահների մակարդակով կայացող հանդիպումներն ավելի կարեւոր են, քան նախարարների մակարդակով»,-հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: