Լեռնային Ղարաբաղում եւ կից տարածքներում հրդեհների վերաբերյալ ԵԱՀԿ-ի զեկույցը ներկայացվելու է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի քննարկմանը, հայտնել է ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչության ղեկավար, դեսպան Ագշին Մեխդիեւը: Մեխդիեւը ասել է, որ զեկույցը քննարկվելու է մինչեւ ապրիլի վերջ, քանի որ փաստաթղթում նշվում է, որ պետք է քննարկվի մինչեւ ապրիլի 30-ը:
Քննարկումից հետո ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովն իր առաջարկությունները կներկայացնի: «Սակայն անհրաժեշտության դեպքում, քննարկումները կարելի է տեղափոխել մեկ այլ օր: Այսօր նման անհրաժեշտություն չի առաջացել, եւ մենք ծրագրում ենք քննարկել ԵԱՀԿ այդ զեկույցը մինչեւ ապրիլի վերջ»,- հայտնել է Մեխդիեւը:
Նա նաեւ հայտնել է, որ ՎՈՒԱՄ-ի մասնակից երկրների տարածքում «սառեցված հակամարտությունների» վերաբերյալ հարցը քննարկման է ներկայացվել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում մինչեւ նստաշրջանի վերջ, հայտնում է «Թրենդը»: Նշենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանը կավարտվի օգոստոսին:





