«Ղարաբաղյան հակամարտության գոտում հաստատված զինադադարից հետո տասը տարիների ընթացքում Ադրբեջանն ու իր դաշնակիցը` Թուրքիան սպասում էին, որ Հայաստանն աղքատության, տնտեսական լճացման ու հուսալքության ծանրության տակ կփլվի: Սա տեղի չի ունեցել եւ չի էլ ունենա: Բայց այդ փորձից ոչ մի դաս չի քաղվում»,-ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստում ասել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, մենք նորմալ հարաբերություններ հաստատելու առումով նախապայմաններ չունենք: Եվ ակնկալում ենք, որ Թուրքիան եւս նախապայմաններ չի ունենա: «Սա Եվրոպայի վերջին փակ սահմանն է եւ պետք է, որ բացվի, որպեսզի Թուրքիան տարածաշրջանում առավել դրականորեն ներգրավված լինի ու իր դրական ներդրումն ունենա ԼՂ հակամարտության հարցում»,-ընդգծել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը:
Վ.Օսկանյանը նաեւ նշել է, որ շրջափակումը շարունակվում է: Եվ նոր ուժերով: «Դրա ապացույցն է վերջերս ստորագրված գործարքը` սկսելու նոր երկաթուղու կառուցումը, որը կշրջանցի Հայաստանը: Մենք երբեք չէինք ակնկալում, որ նոր նախաձեռնությունները, օրինակ` Բաքու-Ջեյհանը, Հայաստանով կանցնեն: Բայց տարօրինակ է անգամ անդրադառնալ, որ կարող են, զուտ Հայաստանին շրջանցելու նպատակով, մտածել 700մլն -ից մինչեւ 1մլրդ դոլար ծախսել նոր երկաթուղի կառուցելու համար, երբ կա արդեն երկաթուղի, որը նույն գործառույթներն է իրականացնելու»,-ասել է Օսկանյանը: Նա նշել է, որ Հայաստանն առաջարկել է նրանց օգտագործել առկա գիծը, Հայաստանը պատրաստ կլինի չօգտվել գործող երկաթգծից: Բայց, նրա խոսքերով, Թուրքիան ու Ադրբեջանը մեզ ընդառաջ չեն եկել: «Ակնհայտորեն նոր դասեր չեն քաղվել: Ափսոսում ենք: Կրկնում եմ, Հայաստանը մեկուսացված չի լինի, բայց մենք կարող են օտարվել: Նոր երկաթուղին չի ստիպի մեզ տեղի տալ, այն ավելի շատ վնաս չի հասցնելու, քան փակ սահմանը: Քաղաքական միջավայրն է, որ կտուժի, սա է ափսոսանքի տեղիք տալիս, եւ ոչ թե` տնտեսական օգուտները: Մենք կշարունակենք հանդես գալ առկա երկաթգծի գործարկման օգտին: Եվ ավելի հեռուն կգնանք ու կպահանջենք, որպեսզի Թուրքիան բացի սահմաններն ու նորմալ հարաբերություններ հաստատի Հայաստանի հետ»,-ընդգծել է ՀՀ արտգործնախարարը:





