«Սասնա ծռեր» խմբի անդամներ Պավլիկ Մանուկյանն ու Վարուժան Ավետիսյանը Սահմանադրական դատարանում վիճարկում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 283-րդ հոդվածի 1-ին մասի, 288-րդ հոդվածի 3-րդ մասի սահմանադրականությունը: Այս մասին ասել է ՍԴ-ում դիմողների ներկայացուցիչներից Դավիթ Գյուրջյանը:
283-րդ հոդվածի 1-ին մասն է՝ փորձագետի հարցաքննությունը; Եթե փորձագետի եզրակացությունը բավարար չափով պարզ կամ հստակ չէ, ունի բացեր, որոնք լրացնելու համար չեն պահանջվում լրացուցիչ հետազոտություններ կամ անհրաժեշտություն է առաջացել ճշտելու փորձագետի կողմից կիրառված մեթոդները և հասկացությունները, քննիչն իրավունք ունի հարցաքննել փորձագետին, 288-րդ հոդվածի 3-րդ մասն է՝ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու կամ չընտրելու վերաբերյալ որոշման օրինականության և հիմնավորվածության դատական ստուգումը; դատական ստուգումը կատարվում է դռնփակ դատական նիստում` դատախազի և պաշտպանի մասնակցությամբ: Բողոքը քննելու օրվա մասին նախապես իրազեկ կողմի չներկայանալը չի խոչընդոտում դատական ստուգումն իրականացնելուն: Դատարանը բացատրություններ տալու համար դատական նիստին կարող է կանչել հետաքննության մարմնի աշխատակցին կամ քննիչին, ինչպես նաև տուժողին:
Այս մասին ասել է ՍԴ-ում դիմողների ներկայացուցիչներից Դավիթ Գյուրջյանը:
«Պավլիկ Մանուկյանն ու Վարուժան Ավետիսյանը նախորդ տարվա ապրիլի դեպքերից հետո, իրենց կալանքի հարցը Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարաններում առանց իրենց մասնակցության դռնփակ նիստ անցկացնելուց հետո, մարտ ամսին դիմել են ՍԴ, որ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր ճանաչվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 283-րդ հոդվածի 1-ին մասը: Պահանջում են նաև հակասահմանադրական ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 3-րդ մասը, երբ խափանման միջոցն ընտրվում է դռնփակ դատական նիստում` դատախազի և պաշտպանի մասնակցությամբ»,- ասել է փաստաբանը:
Նա նաև հայտնել է, որ չնայած այն հանգամանքին, որ Ավետիսյանն ու Մանուկյանը կալանքի տակ են գտնվում, ՍԴ-ն կարող է դիմումը քննել նաև նրանց բացակայության պայմաններում.«Դատաքննությունը պետք է տեղի ունենար հուլիսի 26-ին, իսկ այժմ հետաձգվել է մինչև սեպտեմբերի սկիզբ»:
2015թ. ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների նախապատրաստության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Հատուկ կարևորության գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում 2015թ. ապրիլի 7-ին ձերբակալվել էին «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը, Գևորգ Սաֆարյանը, Վարուժան Ավետիսյանը, Գարեգին Չուգասզյանը և Պավլիկ Մանուկյանը:





