AM
20 Ապրիլ 2007 - 11:02 AMT

Օհայոն դարձել է Հայոց ցեղասպանությունը ճանաչած քառասուներորդ նահանգը

Ապրիլի 17-ին ամրիկյան Օհայո նահանգի նահանգապետ Թեդ Ստրիկլանդն ստորագրել է հրամանագիր Հայոց ցեղասպանության ճանաչման մասին: Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net-ին Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբում (ANCA), Օհայոն դարձել է Հայոց ցեղասպանույունը ճանաչած քառասուներորդ նահանգը: Նահանգապետի կողմից ստորագրված փաստաթուղթը կոչ է անում նահանգի բնակիչներին «հարգել Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը` ճանաչելով տարահանման ենթարկված գրեթե 2 միլիոն հայերի տառապանքը»: Փաստաթղթում նաեւ նշվում է, որ անհրաժեշտ է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել մարդու իրավունքների խախտման, էթնիկ մաքրումների եւ ցեղասպանությունների վրա: Մեկնաբանելով հրամանագրի ստորագրումը` Թեդ Ստրիկլանդը հայտարարեց. «Մենք ապրիլի 24-ը հռչակել ենք այն մարդկանց հիշատակի օր, ովքեր տուժել են Հայոց ցեղասպանության արդյունքում 92 տարի առաջ: Ես միանում եմ Օհայոյի բնակիչներին ամբողջ աշխարհում մարդու իրավունքների եւ ադրարության հարգման մեր պարտավորությունների կատարման հարցում»: