Հայոց ցեղասպանության 92-րդ տարելիցի կապակցությամբ այսօր երեկոյան Վրաստանի Հայկական Համագործակցության Կենտրոնը (ՎՀՀԿ) Վրաստանում Թուրքիայի դեսպանատան մոտ կանցկացնի ջահերով բողոքի խաղաղ ցույց` «Հիշատակի ու պայքարի հուրը»: Ինչպես PanARMENIAN.Net-ին են հաղորդել Վրաստանի Հայկական Համագործակցության Կենտրոնում (ՎՀՀԿ), ապրիլի 24 -ին, ժամը 11:00-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վիրահայոց թեմը Թբիլիսիի Սուրբ Գեւորգ Առաջնորդանիստ եկեղեցում կկատարի հոգեհանգստյան արարողություն` ի հիշատակ 1915-1923 թվականներին Օսմանյան Թուրքիայում իրագործված Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի: Ժամը 14:00-ին ՎՀՀԿ-ի նախաձեռնությամբ Վրաստանում Թուրքիայի դեսպանատան մոտ կանցկացվի խաղաղ ցույց` Ցեղասպանությունը ճանաչելու պահանջով: Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան Պետական Դրամատիկական Հայկական Թատրոնի շենքում, թատրոնի կոլեկտիվը, Վրաստանի Հայերի Միությունը կազմակերպում են Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված սգո երեկո, որի ընթացքում ՎՀՀԿ- ն կներկայացնի Հայոց Ցեղասպանության մասին վավերագրական լուսանկարների շարքը, ինչպես նաեւ «Մենք հիշում ենք ու պայքարում խաղաղության համար» թեմայով նկարների ցուցահանդեսը: Ցուցահանդեսին մասնակցում են Թբիլիսիի բոլոր հայկական, ինչպես նաեւ որոշ ռուսական դպրոցներ: Նշված միջոցառումներին ծրագրվում է Թբիլիսիի այլ ազգային համայնքների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությունը:





