Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը սեպտեմբերի 9-ին հրավիրել է իր հերթական նիստը՝ շարունակելով սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկումները:
Հավշի առնելով գործընթացի սկզբում սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի ներկայացման ժամկետների փոփոխությունները եւ մասնագիտական հանձնաժողովի առաջարկությունը՝ ԼՂՀ նախագահի սեպտեմբերի 6-ի հրամանագրով սահմանադրական բարեփոխումների նախագծի ներկայացման վերջնաժամկետ է սահմանվել 2016-ի նոյեմբերի 20-ը:
Օգոստոսի 16-ին հրապարակվել է ԼՂՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը: Այն հասանելի է ԼՂՀ Ազգային ժողովի կայքում:Ըստ հայեցակարգի, անցում է նախատեսվում նախագահական կառավարման համակարգի, քանի որ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առջև ծառացած մարտահրավերները պահանջում են ուժեղ և միասնական գործադիր իշխանություն, որն ի վիճակի կլինի ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմական պայմաններում մոբիլիզացնել երկրի բոլոր ռեսուրսները և օպերատիվ կերպով արձագանքել ստեղծված իրավիճակի պահանջներին»:
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 15-ին հանդիպում է ունեցել ԼՂՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամների հետ, քննարկել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին վերաբերող մի շարք հարցեր, որից հետո հավանություն էր տվել ԼՂՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին:





