Հայաստանի Օմբուդսմենի գրասենյակը շուրջ 30 բողոք է ստացել, կապված ընտրությունների ընթացքի հետ: Ինչպես հաղորդել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի մամլո քարտուղար Գրիգորի Գրիգորյանը, բողոքների մեծ մասը վերաբերում է անճշտություններին ընտրացուցակներում:
«Դեպքեր են եղել երբ անմիջական միջամտություն է ցուցաբերել Արմեն Հարությունյանը, անհրաժեշտության դեպքում քաղաքացիներին նաեւ իրավաբանական խորհրդատվություն է տրամադրվել»,-հայտարարել է մամլո քարտուղարը, նշելով, որ բոլոր ահազանգերը քննվում են գրասենյակի աշխատակիցների կողմից: Միեւնույն ժամանակ Գ.Գրիգորյանը նշել է, որ մի շարք դեպքերում ստացված տեղեկությունները ոչ ճիշտ են լինում:
Մամլո քարտուղարը հավելել է, որ Օմբուդսմենի գրասենյակում շուրջօրյա հերթապահություն է հաստատվել:
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի հանձնարարությամբ ստեղծվել են արագ արձագանքման աշխատանքային խմբեր, խորհրդարանական ընտրությունների ընթացքում հնարավոր խախտումները կանխելու նպատակով, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»:





