Խորհրդարանական ընտրությունները պատմական նշանակություն ունեին Հայաստասնի համար, հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն, համոզվածություն հայտնելով, որ Վրաստանին կհաջողվի լավ հարաբերություններ հաստատել այն քաղաքական ուժերի հետ, որոնք ներկայացված կլինեն նորընտիր խորհրդարանում: «Մենք գերազանց հարաբերություններ ունենք Հայաստանի հետ, ինչպես նաեւ Ադրբեջանի, ինչը շատ է ուրախացնում մեզ: Ես շատ ուշադիր եմ հետեւել Հայաստանում ընթացող խորհրդարանական ընտրություններին, քանի որ մեզ համար շատ կարեւոր է, թե ինչ քաղաքական ուժեր ներկայացված կլինեն խորհրդարանում: Մյուս կողմից, դա Հայաստանի ներքին գործն է եւ հենց հայ ժողովուրդը պետք է որոշի, թե ով պետք է լինի պատգամավոր եւ ով երկրի հաջորդ նախագահը: Ես համոզված եմ, որ մենք բավականին լավ հարաբերություններ կունենանք նորընտիր խորհրդարանականների հետ: Նրանցից ոմանց հետ արդեն իսկ լավ հարաբերություններ են հաստատված, կարծում եմ, մենք կշարունակենք մեր համագործակցությունը»,-հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակը «Ազատություն» ռադիոկայանին:
Նրա խոսքերով, Հայաստանի իշխանությունները շատ բան են արել Վրաստանի հետ սերտ եւ լավ համագործակցություն հաստատելու համար եւ դրա վկայությունն է Հայաստանի դիրքորոշումը Ջավախքի հարցում: Նինո Բուրջանաձեն նկատել է, որ «Ռուսաստանը փորձում էր օգտագործել Ջավախքի հարցը, հայտարարություններ էին արվում, թե տարածաշրջանից ռուսական զորքերի դուրս բերումից հետո հայ բնակչությունը գործազուրկ կմնա»: Սակայն, հավելել է նա, ոչ մի նման բան տեղի չունեցավ, քանի որ «այդ մարդիկ հասկացան, որ որոշ ուժեր փորձում են օգտագործել նրանց, նրանց սոցիալական խնդիրները եւ նոր խնդիրներ ստեղծել»:
Ն.Բուրջանաձեն բարձր է գնահատել Հայաստանի եւ Վրաստանի հարաբերությունները, սակայն նշել է, որ տարածաշրջանը առավել գրավիչ կլիներ, եթե Հարավային Կովկասի երեք երկրներն էլ գտնեին համագործակցության ընդհանուր եզրեր: «Պատկերացրեք` միասնական Հայաստան, Ադրբեջան եւ Վրաստան: Այդ դեպքում մեր տարածաշրջանը առավել գրավիչ կլիներ, քան բալթյանը: Մյուս կողմից կնվազեին այն երկրների հնարավորությունները, որոնք այսօր փորձում են ազդել մեր վրա: Ցավոք, իրողությունը մի փոքր այլ է, սակայն ես կարծում եմ, որ մենք բոլորս պետք է օրինակ վերցնենք Մերձբալթյան երկրներից, մի կողմ թողնելով տարաձայնությունները, համակարգենք մեր քայլերը եւ ընթանանք նույն ուղղությամբ»,-նշել էթ Բուրջանաձեն:





