2007 թվականի մայիսի 27-ին Մոսկվայում, Գրականագետների Կենտրոնական տանը տեղի կունենա «Մռավի կանչը» խորհրդաժողովը, նվիրված Լեռնային Ղարաբաղի հյուսիսում գտնվող ժամանակակից Շահումյանի շրջանի պատմությանն ու ճակատագրին: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, միջոցառման կազմակերպիչներն են «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպությունը (ՀՅԴ Հայ դատի մոսկովյան գրասենյակ), Հայ երիտասարդության «Միտք» միությունը: Խորհրդաժողովի անցկացման գլխավոր նպատակն է ունկնդիրների լայն շրջանակներին ծանոթացնել ներկայիս Շահումյանի շրջանի ազգագրության, մշակույթի եւ այն պատմական իրադարձությունների հետ, որոնք ազդել են նրա ճակատագրի վրա: Այս թեմաներով զեկույցներ կկարդան ԼՂՀ ԱԳՆ խորհրդական Ա.Մելիք-Շահնազարյանը, ՌԳԱ մարդաբանության եւ ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր Ա.Տեր-Սարգսյանցը, մշակույթի ռազմավարական հիմնադրամի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու Ա.Արեշեւան եւ մոսկովյան բուհերի ուսանողներ:
«Երկրամասը» հիշեցնում է, որ Մռավ լեռը գտնվում է Շահումյանի շրջանի տարածքում Լեռնային Ղարաբաղի հյուսիսային մասում եւ հանդիսանում է այդ հողի խորհրդանիշը, ինչպես Արարատը հանդիսանում է Հայաստանի խորհրդանիշը: 1992 թվականից ի վեր Շահումյանի շրջանը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ:





