«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հոկտեմբերի 30-ին արտահերթ համաժողով կհրավիրի: Այդ մասին ասվում է կուսակցության վարչության տարածած հայտարարության մեջ: Որոշումը կայացվել է հաշվի առնելով ՏԻՄ ընտրություններում կուսակցության ցույց տված արդյունքները:
«Քննարկելով 2016 թվականի հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում կուսակցության ցույց տված արդյունքները` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը որոշել է հոկտեմբերի 30-ին հրավիրել կուսակցության արտահերթ համաժողով՝ օրակարգում ունենալով կուսակցության վարչության ընտրության հարցը»,-ասվում է տարածված հայտարարության մեջ:
Ավելի վաղ կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Գյումրիում և Վանաձորում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ծանր պարտություն է կրել: «Այդ պարտության ծագումնաբանությունը հասկանալն ու վերլուծելը լրջագույն մարտահրավեր է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար:Սրանից է կախված հետագա անելիքների ճանապարհային քարտեզը»,- նշել է Փաշինյանը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է Գյումրու և Վանաձորի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները, որոնց համաձայն ՔՊ-ն գյումրիում ստացել է 638 քվե, Վանաձորում՝ 1617 քվե:





