AM
16 Մայիս 2007 - 13:44 AMT

Նիկոլա Սարկոզին ստանձնել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնը

Այսօր Փարիզում կայացել է Նիկոլա Սարկոզիի պաշտոնադրման արարողությունը: Նախագահի լիազորությունների հանձնումն սկսկվել է Գրինվիչի ժամանակով 09:00-ին նախկին եւ ներկա նախագահի հանդիպումից: Այդ հանդիպման ժամանակ Շիրակը 52-ամյա Սարկոզիին ներկայացրել է բոլոր պետական գաղտնիքները եւ գաղտնի կոդերն է փոխանցել, որոնք ապահովում են մուտքը Ֆրանսիայի միջուկային զինանոցին:

Հանդիպումից հետո նրանք միասին դուրս ելան Ելիսեյան պալատից, Շիրակը նստեց նախապատրաստված հատուկ ավտոմեքենան եւ հեռացավ: Դրանից հետո Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի նախագահ Ժան-Լուի Դեբրեն Սարկոզիին պաշտոնապես հռչակեց նոր նախագահ:

Սարկոզին իր ելույթում հավանությամբ է խոսել Հինգերորդ հանրապետության երեք նախագահների մասին. դրա հիմնադիր Շարլ դե Գոլի, Ֆրանսուա Միտերանի եւ Ժակ Շիրակի: Նա խոստացել է համախմբել բոլոր ֆրանսիացիներին, կատարել ֆրանսիացիներին տրված խոստումները, ամրապնդել Եվրամիությունը եւ պայքարել կլիմայի գլոբալ փոփոխությունների դեմ: Նրա պատվին հանդիսավոր շքերթ է կայացել եւ հրավառություն 21 զենքերից: Հետո Սարկոզին վառել է Անհայտ զինվորի գերեզմանի կրակը Փարիզի Հաղթական կամարի մոտ եւ ծաղկեպսակ է դրել Ֆրանսիայի նացիստական օկուպացիայի ժամանակ Դիմադրության շարժման զոհերի հուշարձանին:

Ֆրանսիայի կառավարության նախարարական պաշտոնների նշանակումներն սպասվում են հինգշաբթիից ոչ շուտ: Վարչապետի պաշտոնի հիմնական հավակնորդը Սարկոզիի նախընտրական շտաբի ղեկավար Ֆրանսուա Ֆիոյոնն է: Արտգործնախարարի պաշտոնի հավակնորդներից է ընտրություններում պարտված Սոցիալիստական կուսակցության ակտիվիստ Բերնար Կուշները, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նիկոլա Սարկոզին ընտրվել է Ֆրանսիայի նախագահ մայիսի 6-ին: Նա ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակ է տարել սոցիալիստ Սեգոլեն Ռուայալի նկատմամբ: