ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էր նաև ՀՀ պետական միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը, մասնակցել է հոկտեմբերի 3-7-ը Ժնևում ընթացող ՄԱԿ-ի փախստականների հարցերով Բարձր հանձնակատարի ծրագրի Գործադիր կոմիտեի 67-րդ նստաշրջանին։
Նստաշրջանին բացմանը խոսքով հանդես է եկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, որին հաջորդել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով Բարձր հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի ելույթը։
ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն իր ելույթում անդրադարձել է փախստականներին առնչվող գլոբալ մարտահրավերներին` ընդգծելով ՀՀ պատրաստակամությունը շարունակելու արդյունավետ համագործակցությունը Բարձր հանձնակատարի գրասենյակի հետ` տեղահանված անձանց կարիքները հոգալու և փախստականներին ու ապաստան հայցողներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու հարցում։
ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձել է Ադրբեջանից գաղթած հայ փախստականների խնդրին, ովքեր Ադրբեջանի վարած էթնիկ զտումների քաղաքականության հետևանքով ստիպված էին լքել իրենց տները՝ դառնալով փախստականներ։ Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև այս տարվա ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան, որն ուղեկցվել է միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումներով:
Սկսած 1988 թվականից Ադրբեջանական ԽՍՀ հայաշատ քաղաքներում ու շրջաններում (Սումգայիթ. Բաքու, Կիրովաբադ, Խանլար, Դաշքեսան, Ղազախ և այլն) կիրառված զանգվածային բռնարարքների արդյունքում տեղահանվել է մոտ 500. 000 հայ, որոնցից 408.000 հասել է ՀՀ (1992)։
Աշոտ Հովակիմյանն անդրադարձ է կատարել նաև Սիրիայից փախստականների խնդրին` նշելով, որ Հայաստանը, ապաստան տրամադրելով ավելի քան 20 հազար փախստականների, բնակչության թվի հարաբերակցությամբ երրորդն է Եվրոպայում` Սիրիայից փախստականներ ընդունող երկրների շարքում:
Արձագանքելով ՀՀ պատվիրակության ելույթին՝ Բարձր հանձնակատար Ֆիլիպո Գրանդին նշել է, որ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գրասենյակը շարունակելու է աջակցել տարածաշրջանում տեղահանված անձանց խնդիրների լուծմանը` կարևորելով ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորումը և աջակցություն հայտնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ՀՀ ԱԳ փոխնախարարն առանձնազրույց է ունեցել ՄԱԿ-ի փախստականների հարցերով Բարձր հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ:
Միջոցառման շրջանակներում տեղի է ունեցել նաև Նանսենի անվան ավանդական մրցանակաբաշխությունը, որն այս տարի շնորհվել է Հունաստանի Լեզբոս կղզում գործող Հունաստանի փրկարար ծառայությանը և փախստականների համար կղզում օթևան հիմնած հասարակական կազմակերպությանը՝ փախստականներին կամավոր սկզբունքով աջակցություն ցուցաբերելու համար:





