AM
15 Հոկտեմբեր 2016 - 06:56 AMT

Մատենադարանի մասնագետներն Ախալցխայում վերականգնում են Ծուղրութի ավետարանը

Արդեն 9-րդ օրն է ինչ Մատենադարանից Ախալցխայի Ծուղրութ գյուղ ժամանած մասնագետները վերականգնում են 974 թվականի հայտնի Ծուղրութի ավետարանը: Ավետարանը պահող Սարգիս Սապոնջանի խոսքով ձեռագիր մատյանը գտնվում է բավականին լավ վիճակում:

«Մասնագետները արդեն 9-րդ օրն է, ինչ աշխատում են Ավետարանի նորոգման վրա: Դրա համար հատուկ լաբորատորիա են բերել եւ մնալու են եւս չորս օր: Ավետարանը ինչ տեղափոխվել է Էրզրում քաղաքից երեւի չի վերանորոգվել: Ինչքան գիտեմ վերանորոգվել էր միայն Ավետարանի արծաթե կողը»,-ասում է Սապոնջանը:

Ծուղրութի Ավետարանը պարունակում է Աստվածաշունչ մատյանի Նոր Կտակարանի չորս Ավետարանը: Ընդօրինակվել է 974 թ-ին։ Գրչության վայրը և մանրանկարիչը հայտնի չեն։ Գրիչը Հովհաննեսն է, հիշատակարանի հեղինակը և ձեռագրի ստացողը՝ Եղիա քահանան։ Ձեռագիրն այժմ գտնվում է Վրաստանի Ախալցխայի շրջանի Ծուղրութ գյուղում։

«Ծուղրութի Ավետարանը» հայ միջնադարյան արվեստում նշանակալից է նախ՝ հնագրության և ապա՝ մանրանկարչության առումով։ Հիսուսի կյանքը պատկերող թեմատիկ մանրանկարաշարը հետաքրքրական է պատկերագրության հնամենի առանձնահատկություններով։ Ոճական առումով հայկական մանրանկարչության այսպես կոչված՝ «ժողովրդական ուղղության»-ը հարող այդ մանրանկարներին բնորոշը պարզ, նույնիսկ պարզունակ միջոցներով արտահայտչականության և անմիջական տպավորության հասնելու ձգտումն է։