«Ադրբեջանը չի կատարում Եվրոպայի Խորհրդի առջեւ ստանձնած պարտավորությունները»,-հայտարարել է ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը: Նա չի թաքցնում իր տարակուսանքն առ այն, որ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են անտեսել ԶԼՄ-ների իրավունքների խախտումները երկրում դադարեցնելու մասին միջազգային կազմակերպությունների պահանջները: «Իմ վերջին հայտարարության մեջ ես ծայրահեղ մտահոգվածություն եմ հայտնել Ադրբեջանում խոսքի ազատության սպառնալիքների առնչությամբ: Սակայն ձերբակալությունների եւ լրագրողներին հետապնդելու միտումն երկրում պահպանվում է: Հայտնի է դարձել երկու ընդդիմադիր թերթերի գրասենյակների փակման մասին: Լինելով ԵԽ գլխավոր քարտուղար, ես չեմ կարող լռել, երբ արտահայտվելու ազատությունն այդքան լրջորեն խախտվում է: Ստանալով լիարժեք պատկերը, ես որոշում կկայացնեմ հետագա քայլերի վերաբերյալ»,-ասել է ԵԽ Գլխավոր քարտուղարը` նշելով, որ այդպես էլ իր վերջին հայտարարության պատասխանը չի ստացել Բաքվից:
Մեկնաբանելով Ադրբեջանի լրագրողների ԵԽԽՎ հունիսյան նստաշրջանում երկրում մամուլի ազատության խախտումների մասին հարցը արծարծելու մտադրությունը` Թ.Դեւիսն ասել է, որ անձամբ ինքը պատրաստ է լսել ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հիմնարար սկզբունքների խախտման վերաբերյալ բողոքները: Ցանկացած դեպքում, բողոքը հարկավոր է ներկայացնել գրավոր տեսքով, նշել է նա:
Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է Ադրբեջանում կատարվողը առնչվում ԵԽ առջեւ ստանձնած նրա պարտավորությունների հետ` Դեւիսն ասել է, որ կազմակերպությանն անդամակցելիս Ադրբեջանը պարտավորվել է «երաշխավորել արտահայտվելու ազատությունը, ԶԼՄ-ների եւ լրագրողների անկախությունը, ինչպես նաեւ բացառել ԶԼՄ-ների ազատության սահմանափակմանն ուղղված վարչական մեթոդները»: «Սակայն վերջին ամիսներին այդ պարտավորությունը չի կատարվում: Այդ թեմայով մենք խոսելու ենք Ադրբեջանի իշխանությունների հետ,-ասել է ԵԽ գլխավոր քարտուղարը, հաղորդում է «Թուրան» գործակալությունը:





