Այս շաբաթ Անկարայում կայանալու է Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչներից բաղկացած եռակողմ աշխատանքային խմբի նիստ, որտեղ քննարկվելու են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային նախագծի իրագործմանը վերաբերող հարցեր: Այդ մասին հայտնել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուսեյն Ավնի Կարսիլողլուն: Նրա խոսքերով, նիստին մասնակցելու են երեք երկրների երկաթուղային գերատեսչությունների ղեկավարները:
Կարսիլողլուն նշել է, որ երկաթգծի կառուցումը հեշտ խնդիր չէ, որի մի շարք հատվածներ անցնելու են լեռներում արված թունելներով: «Վրաց-թուրքական սահմանում միաժամանակ կպահանջվի եւս մեկ թունելի կառուցում: Այդ պատճառով կողմերն այդքան երկար ու մանրակրկիտ ձեւով են քննարկում այդ հարցը»,- նշել է դեսպանը, հաղորդում է Նովոստի-Ազերբայջանը:
Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթուղու երկարությունը 105 կիլոմետր է, որից 29 Թուրքիայի տարածքով, իսկ մնացածը Վրաստանի: Նախագծի շրջանակներում նաեւ վերակառուցվելու է Բաքու-Թբիլիսի գործող երկաթուղին: Թուրքական կողմն ինքն է ֆինանսավորում իր տարածքի երկաթուղու կառուցումը: Ինչ վերաբերում է վրացական հատվածին, ապա Ադրբեջանը Վրաստանին վարկ է տրամադրելու` $200 միլիոնի չափով:





