AM
30 Մայիս 2007 - 10:35 AMT

Ղարաբաղում սկսվել է ԼՂՀ նախագահի պաշտոնի թեկնածուների գրանցումը

2007 թվականի մայիսի 30-ից հունիսի 19-ը ԼՂՀ-ում կանցնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի պաշտոնի թեկնածուների գրանցումը: Այդ մասին հայտնել է Լեռնային Ղարաբաղի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Նասիբյանը: Նրա խոսքերով, նշված շրջանում կանցնեն նախապատրաստական-կազմակերպչական աշխատանքները, մասնավորապես, կտրվեն թեկնածուների եւ նրանց վստահված անձանց վկայականները, կստեղծվեն ագիտացիոն գործնեության շտաբեր, ինչպես նաեւ կկազմվի թեկնածուների եւ ընտրողների հանդիպման ժամանակացույցը եւ կկայանա թեկնածուների կողմից իրենց նախընտրական ծրագրերի ներկայացումը:

Նախընտրական քարոզաարշավն անցնելու է հունիսի 20-ից հուլիսի 17-ը: Լեռնային Ղարաբաղի հերթական նախագահական ընտրությունները կկայանան հուլիսի 19-ին:

ԼՂՀ ԿԸՀ-ում գրանցվել են նախագահի թեկնածուների չորս նախաձեռնող խումբ. Բաքո Սահակյան (ԼՂՀ Ազգային Անվտանգության ծառայության պետ), Մասիս Մայիլյան (ԼՂՀ փոխարտգործնախարար), Արմեն Աբգարյան (ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր) եւ Վան Ավանեսյան (Արցախի պետական համալսարանի դասախոս), ինչպես նաեւ ԼՂՀ Կոմունիստական կուսակցության որոշմամբ առաջադրվել է նաեւ կուսակցության առաջնորդ Հրանտ Մելքումյանը, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»: