Յուրաքանչյուր անցնող օրվա հետ Թուրքիայի նախագահ Էրդողանը գնալով ավելի բռնակալ է դառնում: Թեմային անդրադարձել է «Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը՝ գրելով, որ ընդդիմադիր քրդամետ ԺԴԿ կուսակցության թուրքական խորհրդարանի 11 անդամի ձերբակալությունը վերջինն է Էրդողանի բռնապետական քաղաքականության երկար շարանում:
Նա նշում է, որ Պենտագոնի նախկին պաշտոնյա և Ձեռներեցության ամերիկյան ինստիտուտի գիտաշխատող Մայքլ Ռուբինը, անցյալ շաբաթ ջախջախիչ նյութ է հրապարակել Էրդողանի մասին՝ թվարկելով նրա սկանդալային գործողություններից մի քանիսը:
Ռուբինի ծավալուն հոդվածը տեղադրվել էր «Նյուզվիք» ամսագրի եվրոպական հրատարակության կայքում՝ «Տասներկու հարց, որ թուրք լրագրողները չեն համարձակվում տալ» խորագրով:
1. Ինչպե՞ս է Էրդողանը դարձել միլիարդատեր:
Էրդողանը մեծացել է աղքատ ընտանիքում՝ մինչ Ստամբուլի քաղաքապետ դառնալը, երբ բախվեց 13 կոռուպցիոն հետաքննությունների: 2004 թվականին, երբ նա Թուրքիայի վարչապետն էր, Անկարայում ԱՄՆ դեսպանատունը Վաշինգտոն ուղարկած հեռագրում գրում էր, որ «նա առնվազն ութ բանկային հաշիվներ ունի Շվեյցարիայում»: Բացի այդ, գաղտնի հեռախոսային ձայնագրություններից բացահայտվեցին նրա հրահանգները՝ «գրեթե մեկ միլիարդ դոլար կանխիկ գումար վերացնելու մասին: Էրդողանն օգտագործեց իր ազդեցությունը դատարանների վրա՝ դատը չեղյալ հայտարարելու և ձերբակալելու այն դատախազներին ու դատավորներին, որոնք ձգտում էին հետամուտ լինել դրան»:
2. Որտե՞ղ է Էրդողանի համալսարանական դիպլոմը:
Էրդողանը պնդում է, որ 1981 թ. ավարտել է Ստամբուլի Մարմարայի համալսարանը: Հնարավոր է, որ նրա դիպլոմը կեղծված է: «Քառամյա բարձրագույն կրթությունը պարտադիր նախապայման է նախագահ լինելու համար: Եթե Էրդողանը ստում է դիպլոմի մասին, արդյոք նա կարո՞ղ է մնալ որպես նախագահ»:
3.Արդյոք կա՞ մեկ այլ պատմություն հեղաշրջման փորձի հետևում:
Էրդողանը ազատեց աշխատանքից և բանտարկեց իր հազարավոր քաղաքական հակառակորդներին, նրանց մեղադրելով Ֆեթուլլահ Գյուլենի հետևորդները լինելու մեջ, որն իբր եղել է հուլիսի 15-ի հեղաշրջման կազմակերպիչը, ինչը թուրք նախագահն անվանեց «պարգև Աստծո կողմից»:
4. Եթե կա FETO, կա՞ արդյոք ETO:
Էրդողանը Գյուլենի շարժումն անվանում է «Ֆեթուլլիստական ահաբեկչական կազմակերպություն (FETO)…. Եթե թույլատրելի է խոսել FETO-ի մասին որպես ահաբեկչական խմբի, արդյոք հավասարապես ընդունելի՞ կլինի հիշատակել Էրդողանիստների ահաբեկչական կազմակերպությունը (ETO)»:
5. Եթե Գյուլենը ահաբեկիչ է, ապա ինչո՞ւ էր Էրդողանը աշխատում նրա հետ մինչև 2013 թվականը:
Գյուլենը և Էրդողանը գրեթե միևնույն կրոնական փիլիսոփայական սկզբունքների կրողներ էին մինչև 2013 թվականի իրենց բաժանումը: Ինչո՞ւ է այժմ Գյուլենը «ահաբեկիչ» համարվում:
6. Ինչո՞ւ են հաղորդում Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) հարձակումների մասին, բայց ոչ ԻԼԻՊ-ի:
«Երբ PKK-ն կամ քրդական ծայրահեղական խմբերն են հարձակվում, դրանք օրեր շարունակ Թուրքիայում գերիշխող խորագրեր են, քանի որ հետաքննությունը շարունակվում է, իշխանությունները անվանում են կասկածյալներին և այլն… Սակայն երբ ԻԼԻՊ-ն է հարձակվում, Թուրքիայի կառավարությունը արգելում է հրապարակումները հետաքննության մասին»:
7. Ինչո՞ւ է Թուրքիայի հետախուզությունը օգնում «Նուսրա ճակատին» և ԻԼԻՊ-ին:
«Անհերքելի փաստեր կան, որ թե «Նուսրա ճակատը»՝ «Ալ-Քաիդայի» սիրիական թևը, թե ԻԼԻՊ-ը, Թուրքիայի իշխանություններից ստացել են զենք, աջակցություն և սարքավորումներ: Երբ լրագրողները բացահայտեցին այս պատմությունը և լուսանկարչական ապացույցներ ներկայացրեցին, Էրդողանի պատասխանը եղավ՝ լուրը հրապարակած թերթի խմբագրի ձերբակալումը: Նույն կերպ, երբ թուրք զինվորները կանգնեցրեցին զենքի առաքումը դեպի Սիրիա, Էրդողանը հրամայեց ձերբակալել ոչ թե մաքսանենգներին, այլ զինվորներին…»:
8. Արդյոք թո՞ւրք մահապարտների ջոկատ էր կանգնած Փարիզի սպանությունների հետևում:
«2013 թ. մարդասպաններ մահապատժի ենթարկեցին երեք քուրդ ակտիվիստների, Փարիզի իրենց գրասենյակում: Նրանք երեքն էլ PKK-ի անդամներ էին… ֆրանսիայում ձերբակալված Օմար Գյունեյը 32-ամյա մի թուրք էր, որը Ֆրանսիա էր տեղափոխվել 9 տարեկան հասակում: Սպանությունից հետո կատարված հեռախոսազանգերի ստուգումից պարզվել էր, որ նա հետ է զանգել Թուրքիայի հետախուզական ծառայության գործակալներին…»:
9. Ինչո՞ւ է Էրդողանը իր փեսային նշանակել նավթային տնտեսության նախարար:
«Էրդողանի 37-ամյա փեսան՝ Բարաթ Ալբայրաքը, դարձել է Թուրքիայի էներգետիկայի նախարար 2015 թ. նոյեմբերի 24-ին: Արդյոք նա՞ էր ամենաբարձր որակավորում ունեցողը, թե՞ այլ գործոններ են դեր խաղացել»:
10. Կարո՞ղ ենք խոսել Էրդողանի կապերի մասին:
Էրդողանի մտերիմ ընկեր, սաուդյան գործարար Յասին ալ-Քադին, ըստ ԱՄՆ գանձատան դեպարտամենտի, «մեղադրվել է «Ալ-Քաիդայի» առաջնորդ Ուսամա բեն Լադենի հետ մինչև 2014 թվականը ունեցած կապերի մեջ»: Էրդողանը համառորեն հայտարարել է. «Ես ճանաչում եմ պարոն Քադիին: Ես հավատում եմ նրան, ինչպես ինքս ինձ: Անհնարին է, որ պարոն Քադին կապված լինի որևէ ահաբեկչական կազմակերպության հետ կամ աջակցի դրանցից որևէ մեկին»: Էրդողանը մտերիմ է նաև աֆղանստանցի Գյուլբեդին Հեքմաթյարի հետ, որը «կապեր ունի «Թալիբանի» և «Ալ-Քաիդայի» հետ»: Մյուս ընկերը՝ Խալիդ Մեշալը («Համաս» խմբավորման զինված առաջնորդ), Թուրքիա էր ժամանել որպես Էրդողանի անձնական հյուր…
11. Ի՞նչ գործարք եք կնքել Պուտինի հետ:
Էրդողանն ու Պուտինը, վերջերս խաղաղություն կնքելուց հետո, համաձայնության եկան գազամուղի ծրագրի շուրջ և բանակցություններ վարեցին Թուրքիայի կողմից ռուսական հրթիռային համակարգի ձեռքբերման վերաբերյալ: Եղե՞լ են արդյոք այլ գաղտնի համաձայնություններ:
12. Ինչո՞վ է պայմանավորված դատարանի կողմից «Արդարություն և զարգացում» կուսակցության փակման մերժումը:
2008 թ. Թուրքիայի սահմանադրական դատարանը շատ մոտ էր Էրդողանի իշխող կուսակցության լուծարմանը: Սակայն, վերջին պահին, դատավորներից մեկը փոխեց իր քվեն: Պնդումներ կան, որ «մի գործարար, որը երկար ժամանակ հետապնդումների էր ենթարկվում Էրդողանի կողմից, գումար է փոխանցել այդ դատավորի հաշվեհամարին քվեարկությունից անմիջապես առաջ»:
Նոյեմբերի 6-ին, Ստամբուլում դոկտորի պատվավոր կոչում ստանալու արարողության ժամանակ Էրդողանը հպարտորեն հայտարարեց. «Ինձ չի անհանգստացնում, որ ինձ անվանում են բռնապետ. մեկ ականջիցս մտնում, մյուսից դուրս է գալիս»:





