AM
9 Հունիս 2007 - 10:20 AMT

Լեռնային Ղարաբաղի պետական հաստատությունները շատ ավելի արդյունավետ են, քան ադրբեջանականները

Լեռնային Ղարաբաղի պետական հաստատությունները շատ ավելի արդյունավետ են, քան ադրբեջանականները, եւ հենց պետական կայացումը թույլ չի տալիս դիտարկել չճանաչված պետությունները որպես «հրոսակային անկլավներ»: Այդպես է կարծում Ռուսաստանի քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի ազգամիջյան հարաբերությունների խնդիրների բաժնի պետ Սերգեյ Մարկեդոնովը: «Այնպիսի չափանիշը, ինչպիսին ռեժիմի ժողովրդավարության աստիճանն է, նույնպես միշտ չէ, որ աշխատում է ճանաչված եւ չճանաչված պետությունների համեմատության դեպքում: Ավտորիտարիզմն ու չճանաչված պետությունը բոլորովին էլ նույն կարգի հասկացություններ չեն: Լեռնային Ղարաբաղում, ի տարբերություն Ադրբեջանի, ոչ ոքի մտքով լրջորեն չի անցնի նախապատրաստել «Հետնորդ» գործողությունը իշխանությունը հորից որդուն փոխանցելու նպատակով կամ նույնիսկ քննարկել նման սցենարներ»,-գրում է նա «Ռուսաստանը եւ գլոբալ քաղաքականությունը» ամսագրում:

Մարկեդոնովը հիշեցնում է, որ ինքնահռչակված պետությունների սահմանները միշտ չէ, որ համընկնում են նախկին խորհրդային ինքնավարությունների սահմանների հետ, որոնք կազմում են չճանաչված կազմավորումների տարածքային հիմքը: Լեռնային Ղարաբաղը ներառում է ոչ միայն նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը, այլ նաեւ Շահումյանի շրջանը: Այսօրվա դրությամբ այդ տարածքը, ինչպես նաեւ ԼՂՀ-ի մեջ մտնող Մարդակերտի եւ Մարտունու շրջանները գտնվում են Ադրբեջանի իրավասության տակ: «Սակայ եթե կիրառենք ինքնիշխանության չափանիշն ասենք Վրաստանի կամ Ադրբեջանի հանդեպ, կստացվի, որ նրանք այստեղ եւս խնդիրներ ունեն: 1991 թվականին Բաքուն գործնականում կորցրել էր ԼՂԻՄ ողջ տարածքի վերահսկողությունը, իսկ 1994 թվականին` յոթ բուն ադրբեջանական շրջանների վերահսկողությունը»,-նշում է նա:

Ռուս քաղաքագետը գրում է նաեւ, որ իրավաձեւական տեսակետից ԽՍՀՄ փլուզման արդյունքում առաջացած չճանաչված պետությունները գոյություն չունեն համաշխարհային հանրության համար: «Սակայն, դա չի խանգարում նրանց լինել «մեծ խաղի» իրական մասնակիցները նախկին Խորհրդային Միության տարածքում: Ինչո՞վ են չճանաչված պետությունները տարբերվում միջազգայնորեն ճանաչվածներից: Պաշտոնական կարգավիճակի առկայությա՞մբ: Սակայն համաշխարհային հանրությունը, որը հաստատում է այդ կարգավիճակը, ինքը եւս խորը ճգնաժամի մեջ է` Յալթայի եւ Պոտսդամի աշխարհակառուցվածքի փլուզումից հետո համաշխարհային նոր կարգի ուրվագծերը բավականին լղոզված են: Հետեւաբար, մշուշոտ են նաեւ ճանաչել-չճանաչելու չափանիշները, որպես այդպիսին: Քաղաքագիտական եւ հրապարակախոսական գրականության մեջ այդ կազմավորումներն անվանում են ինքնահռչակ: Սակայն այդ սահմանումը եւս լիովին կոռեկտ չէ, քանի որ բոլոր խոշորագույն ժամանակակից պետությունները «իրենք են իրենց հռչակել»,-ընդգծում է Սերգեյ Մարկեդոնովը: