AM
10 Նոյեմբեր 2016 - 10:57 AMT

«Նաիրիտի» անվտանգության 85 աշխատակից կազատվի աշխատանքից

«Նաիրիտ» գործարանի աշխատողները նոյեմբերի 10-ին Կառավարության շենքի մոտ ակցիա են անցկացրել՝ պահանջելով հանդիպում վարչապետ Կարեն Կարապետյանի հետ։

Նրանց փոխանցմամբ, գործարանի ղեկավարությունից տեղեկացել են, որ անվտանգության մոտ 85 աշխատող կազատվի աշխատանքից` համակարգը ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությանը հանձնելու պատճառով, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։

Աշխատողների խոսքով՝ առաջարկ է եղել պահպանել աշխատանքը՝ համալրելով ոստիկանության շարքերը։

Նաիրիտցիները, ի նշան բողոքի, երթով շրջել են Հանրապետության հրապարակով, ապա փորձել փակել Տիգրան Մեծ պողոտա տանող ճանապարհը, սակայն ոստիկանները թույլ չեն տվել:

Կառավարության նամակների ընդունման և հանձնման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը հանդիպել է ցուցարարների հետ և առաջարկել նրանց՝ եթե զինվորական ծառայություն անցել են, ապա համալրեն ոստիկանության շարքերը: Ցուցարարները հակադարձել են՝ ասելով, որ չեն ցանկանում ոստիկան դառնալ։

Հոկտեմբերի 20-ին ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնելուց հետո, պատասխանելով պատգամավորների հարցերին, վարչապետ Կարեն Կարապետյանն ասել է, որ«Նաիրիտ» գործարանի վերագործարկման վերաբերյալ որևէ հստակ առաջարկություն չի եղել: