AM
22 Հունիս 2007 - 14:54 AMT

Մեթյու Բրայզան չի կորցնում լավատեսությունը Ղարաբաղի հարցում

ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան գտնում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը մոտ են համաձայնությանը եւ բանակցային գործընթացը կարող է վերսկսվել աշնանը: Այդ մասին նա հայտարարել է «Ամերիկայի ձայնը» ռուսական ծառայությանը տված հարցազրույցում: Նրա խոսքերով, վերջին տարվա ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների կողմից հսկայական աշխատանք է տարվել: «Ես ներկա էին Սանկտ-Պետրբուրգի նիստին: Համանախագահները մի քիչ վհատվել էին առաջընթացի բացակայության կապակցությամբ, սակայն, այդուհանդերձ, գործընթացը շարունակվում է, եւ մենք հուսով ենք, որ նախագահները նորից կհանդիպեն մի քաի ամսից»,- ասել է Մեթյու Բրայզան:

Դիվանագետը չի գտնում, որ Հայաստանում, Ադրբեջանում, ԱՄՆ-ում եւ Ռուսաստանում սպասվող ընտրությունները կարող են ազդել Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցությունների վրա: «Հայաստանի վերջին ընտրություններից առաջ մենք անհանգստանում էին, թե արդյոք ընտրարշավի ընթացքում չի դադարի բանակցային գործընթացը: Նման բան տեղի չունեցավ: Իսկ այժմ մենք սպասում ենք Հայաստանի նախագահական ընտրություններին: Իհարկե, յուրաքանչյուր նախընտրական արշավը նեղացնում է քաղաքական շարժման դաշտը, սակայն մտածելու առիթ չկա, որ Հայաստանի առաջիկա նախագահական ընտրությունները վերջ կդնեն գործընթացին»,- նշել է նա:

Բրայզայի խոսքերով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները արդեն ավելի քան երկու տարի է բանակցություններ են վարում կարգավորման սկզբունքների շուրջ: «Այդ սկզբունքները կօգնեն վերջնականապես հաստատել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը համաժողովրդական հանրաքվեի ճանապարհով, որը, իդեպ, անցնելու այլ էական իրադարձությունների ֆոնի վրա. Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքներից հայկական զորքերի վերատեղաբաշխումը, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ միջանցքի ստեղծումը, ինչպես նաեւ տարածաշրջանում խաղաղապահ զորքերի տեղակայումը: Ես կարող եմ ասել, որ մենք եւս հուսով ենք, որ գործընթացը կվերսկսվի այս աշնանը»,- ընդգծել է ամերիկացի միջնորդը:

Իր վերաբերմունքը արտահայտելով ղարաբաղյան կողմին բանակցություններում ընդգրկելու հարցով` Բրայզան ասել է. «Ներկա դրությամբ բանակցություններ են գնում Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարութունների միջեւ: Անցյալում Լեռնային Ղարաբաղը մասնակցում էր բանակցություններին եւ, հնարավոր է, կմասնակցի նաեւ ապագայում: Ներկա դրությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին անհրաժեշտ է գործընթացին նոր կյանք տալու միջոց գտնել, որն արդեն տվել է իր պտուղները»: