«Փոքր Մհեր» կրթահամալիրում երեխաների նկատմամբ կիրառվել են տույժի միջոցներ, որոնք ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի համար խնդրահարույց են: Այս մասին դեկտեմբերի 6-ին լրագրողների հետ զրույցում ասել է ՄԻՊ Արման Թաթոյանը՝ մանրամասնելով, որ երեխային, որպես տույժ, զրկել են շաբաթ և կիրակի օրերին տուն գնալուց:
«Դա, ակնհատորեն, հակասում է ընտանիքի հետ կապին: Ընդհակառակը, նմանատիպ դեպքերում պետք է խրախուսենք ընտանիքի հետ կապը: Երեխան ընտանիքում բնակվելու իրավունք ունի: Այդ տույժի միջոցն ինձ համար խնդրահարույց է: Ընդհանրապես, պետք է հասկանալ, արդյոք անհրաժեշտ են այդ ներգործության միջոցները: Եթե այո, ինչպես պետք է գործադրվեն»,- նշել է նա, մեջբերում է Panorama.am-ը:
Նոյեմբերի 28-ին հայտնի դարձավ, որ «Փոքր Մհեր» կրթահամալիրի տնօրենը պարբերաբար սպառնալիքներ և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցնում կրթահամալիրի սաների և սպաների հասցեին՝ վիրավորելով նրանց արժանապատվությունը: Նույն օրը Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ սկսվել էր հարցի քննարկման ընթացակարգ սեփական նախաձեռնությամբ:
Այցի ընթացքում բացահայտել են մտահոգիչ և անհետաձգելի միջամտություն պահանջող խնդիրներ: Կրթահամալիրի սաները առանձնազրույցների ընթացքում պնդել են իրենց նկատմամբ վատ վերաբերմունքը, որ հնչել է նաև հրապարակայնորեն: Բացահայտվել են նաև խնդիրներ, որոնք վերաբերում են կրթահամալիրի գործունեությունը կարգավորող ակտերին, ինչպես նաև այդ հաստատությունում սովորողների նկատմամբ ներգործության միջոցներին ու դրանց կիրառության պրակտիկային:
Պաշտպանը նշել է, որ արդեն մի քանի այցելություններ են իրականացրել կրթահամալիր, քանի որ լրացուցիչ տեղեկություն ստանալու, առանձնազրույցներ ունենալու անհրաժեշտություն է եղել:
«Մենք ամփոփոել ենք մեր այցելությունների արդյունքները, ներկայացրել կրթության և գիտության նախարարին: Արձանագրել ենք խախտումներ, որոնք սկզբունքային լուծումներ են պահանջում: Օրինակ՝ երեխաների նկատմամբ վերաբերմունքից մինչև իրավական ակտեր, երեխաների ներգրավածությունը տարբեր աշխատանքներին, ինչպես արդեն նշեցի՝ տույժի միջոցը: Իմ ներկայացուցիչը նաև մասնակցել է կրթության և գիտության նախարարությունում տեղի ունեցած քննարկմանը, ներկայացրել մեր դիտարկումները, որոնք ընդունվել են նախարարության կողմից: Նաև, դրանք հաշվի առնելով, տրվել են համապատասխան հրամաններ, ցուցումներ»,- ասել է պաշտպանը:
Թաթոյանի խոսքով՝ այդ հաստատությունն իր բնույթով փակ է, ինչն արդեն վտանգավոր է այն իմաստով, որ կարող են խախտումներն ավելի շատ լինեն երեխաների նկատմամբ վերաբերմունքի առումով, պետք է առավել զգույշ լինել:
Ավելի վաղԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի նախաձեռնությամբ դեկտեմբերի 2-ին հրավիրվել է «Փոքր Մհեր» կրթահամալիրի կառավարման խորհրդի արտահերթ նիստ, որտեղ քննարկվել են կրթահամալիրում սատեղծված իրավիճակի վերաբերյալ ԿԳՆ կատարած ուսումնասիրությունն ու առկա խնդիրների լուծմանն ուղղված հարցեր: Նիստին մասնակցել են նաև ՀՀ մարդու իրավունքի պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչը, կառավարման խորհրդի անդամներն ու ԿԳՆ համապատասխան ոլորտի պատասխանատուները և կրթահամալիրի տնօրենը:





