«Ցավալի է, որ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչները, որոնք կոչված են ինտեգրման գործընթացներով պաշտպանել եւ առաջ տանել ժողովրդավարության գաղափարներն ու սկզբունքները, ապահովել մարդու իրավունքներն ու օրենքի գերակայությունը, դատապարտում են ընտրությունների անցկացումը»,-հայտարարել է ԼՂՀ արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանը` մեկնաբանելով ԼՂՀ առաջիկա նախագահական ընտրությունների առնչությամբ ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ Վուկ ժերեմիկի հայտարարությունը: Ըստ ԼՂՀ արտգործնախարարի, դրանով իսկ, նրանք կասկածի տակ է առնում ընտրությունների ինստիտուտը, որպես ժողովրդավարության կարեւոր բաղադրիչ, ինչը հակասում է Եվրոպայի խորհրդի կանոնադրությանը: «Եվ եթե եվրոպացի պաշտոնյաները հակված չեն աջակցելու ԼՂՀ ժողովրդավարական գործընթացներին, ապա մենք կարող ենք ակնկալել, որ նրանք գոնե չխանգարեն մեր հանրապետությունում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը: Մենք խորապես համոզված ենք, որ ժողովրդավարացումը կարեւոր նախադրյալ է ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար, քանի որ այն ենթադրում է այնպիսի մեխանիզմների ստեղծում, որոնք հնարավորություն են ընձեռում ցանկացած հակամարտություն լուծել բացառապես խաղաղ միջոցներով: Հենց դրան է ձգտում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Բնական կլիներ, եթե այդ ձգտումը պաշտպանեին նաe6 եվրոպական տարբեր կառույցների ներկայացուցիչները»,-ասվում է Գ.Պետրոսյանի մեկնաբանության մեջ, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:





