Նոր տեղեկություններ են հրապարակվել «Ակոս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության, ինչպես նաեւ Պետական խորհրդի (Բարձրագույն վճռաբեկ ատյան) դեմ իրականացված հարձակման մասին: Դրանք ի հայտ են եկել Թուրքիայի «Հայրենասերների ուժերի միության շարժման» դեմ սկսված հետաքննության ընթացքում: Միության ձերբակալված նախագահ Թաներ Ունալը հայտարարել է, թե Պետական խորհրդի դեմ իրականացված հարձակման հետեւում կանգնած է պաշտոնաթող կապիտան Մուզաֆեր Թեքինը: Հետաքննության ընթացքում միության անդամների հեռախոսազրույցների գաղտնալսման ժամանակ շոշափվել է նաեւ Հրանտ Դինքի անունը: Միության ձերբակալված փոխնախագահ Վեհբի Շանլըի եւ ոմն Նեժաթ Մեթեի միջեւ Դինքի սպանությունից մեկ օր անց տեղի ունեցած հեռախոսազրույցի բովանդակությունը հետեւյալն է եղել. «Բարեւ, ի՞նչ նորություն կա:/ Բարեւ, ամեն ինչ լավ է:/ Մեր ընկերնե՞րն են երեկ սատկացրել այդ մարդուն:/ Այո, մեր ընկերները:/ Ընկերներին հայտնաբերե՞լ են:/ Ոչ, ոչ, անհոգ եղեք, չեն գտել»:
Հիշեցնենք, որ 2006թ. մայիսին Ալփարսլան Ասլանը հարձակում էր իրականացրել Պետական խորհրդի վրա, ինչի հետեւանքով զոհվել էր 1 եւ վիրավորվել 4 դատավոր, հաղորդում է «Երկիրը»:





