Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է կարգավորվել մոտ ապագայում հակամարտության բոլոր կողմերին ներգրավելու դեպքում: Այդ մասին հայտարարել է Եվրամիության Խորհրդի նախագահ, Պորտուգալիայի ԱԳՆ ղեկավար Լուիս Ամադոն ելույթ ունենալով ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին: Նրա խոսքերով, Եվրամիությունը պաշտպանում է ԵԱՀԿ-ի ջանքերը` ուղղված Մոլդովայում, Վրաստանում եւ Լեռնային Ղարաբաղում երկարաժամկետ հակամարտությունների խաղաղ կարգավորմանը:
«Բացի տարածաշրջանային խնդիրներից, Եվրամիությունը եւ ԵԱՀԿ-ն պետք է հավելյալ մոտեցում գտնեն, որպեսզի պատասխան տան գլոբալ մարտահրավերներին: ԵԱՀԿ-ն պետք է շարունակի կատարելագործել իր կառուցվածքը, որպեսզի ավելի արդյունավետ աշխատի»,- ասել է Եվրամիության Խորհրդի նախագահը:
Լուիս Ամադոն նաեւ նշել է, որ ԵՄ-ում պորտուգալական նախագահության ժամանակաշրջանի անհանգստության գլխավոր պատճառը հանդիսանում է Կոսովոյի խնդիրը, եւ վստահություն է հայտնել, որ ԵԱՀԿ-ն կշարունակի կարեւոր դեր խաղալ, քանի որ խնդիրը տարածքային առումով գտնվում է Արեւելյան Եվրոպայում: Պորտուգալիայի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը ասել է, որ ամենալուրջ մարտահրավերները ԵՄ-ում եւ ԵԱՀԿ-ում ընդհանուր անվտանգության համար գտնվում են Միջերկրական ծովի ավազանում: «Տրանսատլանտյան կապերը կենտրոնական են մնում Եվրոպայում կայունության պահպանման համար: Եվրոպան նաեւ պետք է ուժեղացնի ռազմավարական գործընկերությունը Ռուսաստանի հետ: Ես ավելի լավ ձեւաչափ չեմ տեսնում, քան ԵԱՀԿ-ն տեսակետերի միավորման եւ դրանցում առկա տարբերությունները նվազեցնելու համար: ԵԱՀԿ-ն պետք է շարունակի ամրապնդել ներքին կառուցվածքը ավելի արդյունավետ աշխատանքի համար»,- նշել է Լուիս Ամադոն, հաղորդում է ԵԱՀԿ-ի մամլո ծառայությունը:





