Հուլիսի 13-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Բերնար Ֆասիեն (Ֆրանսիա) եւ Մեթյու Բրայզան (ԱՄՆ) Վիեննայում հերթական խորհրդատվություններն են անցկացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակներում: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net-ին ԵԱՀԿ Քարտուղարության մամլո քարտուղար, խորհրդատվություններից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագհները հանդես են եկել հայտարարությամբ: Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է. «Մենք` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներս, անհրաժեշտ ենք համարում մեր գնահատականը տալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ առկա իրավիճակին Սանկտ-Պետերբուրգում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի վերջին հանդիպման լույսի ներքո: Համանախագահների առաջարկով, հանդիպման ընթացքում նախագահները կենտրոնացել են տարաձայնությունների համաձայնեցման վրա, որոնք խոչընդոտում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հիմնական սկզբունքների կատարումը: Ցավոք, նախագահները չեն կարողացել համաձայնության հասնել այդ տարաձայնությունների հարցով: Այդպիսով, կողմերից երկուսն էլ մոտենում են 2008 թվականին` նախագահական ընտրությունների տարի, երբ, ինչպես ցույց է տալիս նախկին փորձը առաջընթացի շանսերը նվազում են նախընտրական արշավի պատճառով: Առանց նախագահների մակարդակով հիմնական սկզբունքների հավանության, անհնարին է սկսել հակամարտության խաղաղ կարգավորման համաձայնագրի տեքստի մշակումը կամ էլ պահպանել վերջին երեք տարիների բանակցային գործընթացում արձանագրած հաջողությունները, որպեսզի ամեն անգամ բանակցությունները զրոյից չսկսվեն:
Համանախագահները հասկանում են, որ 13 տարվա «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակից հետո ստատուս քվոյի պահպանումը կարող է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին ավելի հեշտ թվալ, քան փոխադարձ զիջումները, որոնք կբերեն իրավահավասար եւ երկարաժամկետ կարգավորման եւ, վերջին հաշվով, խաղաղության եւ բարգավաճման նրանց ժողովուրդների համար: Այնուամենայնիվ, եթե հակամարտության կողմերը ցանկանում են խուսափել խիզախ որոշման ընդունումից, մենք, որպես միջնորդներ, չենք կարող որոշում կայացնել նրանց փոխարեն:
Մենք նշում ենք, որ կողմերի վերջին պնդումները խոսում են բանակցությունները շարունակելու նրանց ցանկության մասին` գլխավոր սկզբունքների հիման վրա: Մենք նրանց կոչ ենք անում կյանքի կոչել այդ պնդումները կարճ ժամանակահատվածում եւ որոշիչ քայլեր ձեռնարկել: Ընդ որում, համանախագահները պատրաստ են աջակցել կողմերին մյուս հանդիպումը կազմակերպելու հարցում` առաջին իսկ հնարավորության դեպքում մոտ ամիսներին: Վերջին ժամանակներս կողմերը ցուցադրեցին հասարակությանը խաղաղությանը նախապատրաստելու ավելի բարվոք պայմաններ ստեղծելու ունակությունը` մտավորականության ներկայացուցիչների այցելություններ կազմակերպելով դեպի Ղարաբաղ, Երեւան եւ Բաքու: Համանախագահները ողջունում են եւ բարձր են գնահատել այդ իրադարձությունը, որը նրանք համարում են առաջին ճգրիտ քայլը վստահության հաստատման համար: Այդ կապակցությամբ, համանախագահները ցավում են, որ ԵԱՀԿ բնապահպանական գնահատման հանձնախմբի հանձնարարականները չեն կատարվել եւ կոչ են անում կողմերին անել հնարավոր ամեն ինչ դրանց իրագործման համար:
Ցավոք, համանախագահները անհանգստությամբ մի շարք զարգացումներ են նկատում, որոնք, նրանց կարծիքով, չեն աջակցում ժողովուրդների նախապատրաստմանը խաղաղությանը: Դրանց շարքում ռազմատենչ հայտարարություններն են, ուժի կիրառման սպառնալիքն ու այն վտանգավոր պատրանքի ստեղծումը, որ պատերազմը հանդիսանում է հակամարտության լուծումներից մեկը: Առաջիկա այսպես կոչված նախագահական ընտրությունները Լեռնային Ղարաբաղում արդեն դարձել են լարվածության մեծացման պատճառ: Վերադառնալով Ղարաբաղում կայացած անցած ընտրությունների հետ կապված հայտարարություններին` համանախագահները կրկնում են, որ, ինչպես եւ միջազգային հանրության մյուս բոլոր անդամները, նրանց երկրները եւս չեն ճանաչում Լեռնային Ղարաբաղը` որպես անկախ պետություն եւ նման «ընտրությունները» չպետք է ազդեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վրա: Այսիպսով, համանախագահներն ընդգծում են ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնական դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջնորդության մեջ: Նրանք նշում են, որ միակողմանի նախաձեռնությունները այլ կազմակերպություններում կարող են մեծացնել լարվածությունը եւ խանգարել բանակցային գործընթացին: Հետեւաբար, նրանք կոչ են անում կողմերին առաջիկա ամիսներին ուշադրությունը կենտրոնացնել բանակցություններում իրական առաջընթաց արձանագրելու վրա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ:





