Հունվարի 24-ին ԵԽԽՎ-ում «Լրագրողների նկատմամբ հարձակումներն ու մամուլի ազատությունը Եվրոպայում» զեկույցի քննարկմանը ելույթ է ունեցել ՀՀ պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանը՝ անդրադառնալով ուկրաինացի զեկուցող Վոլոդիմիր Արիևի՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ձևակերպումներին, որում ԼՂ-ն ներկայացվում է որպես Ադրբեջանի տարածք։
«ԵԽԽՎ-ում ձևավորված գեղեցիկ ավանդույթի համաձայն` զեկուցողին հայտնում են խորին շնորհակալություն` կատարված լավ աշխատանքի համար: Սակայն այս դեպքում անհնար է հետևել այս ավանդույթին: Շատ զգայուն և խիստ կարևոր այս թեման դարձել է մի գործիք քաղաքական շահարկումների և մարդկանց կյանքի հետ խաղ անելու համար:
Կարճ ներկայացնեմ իրավիճակը: Զեկույցում, 9-րդ մասում արվում է հայտարարություն, որ բացարձակապես իրականության հետ որևէ նշույլ անգամ չունի: Զեկուցողը համոզված է, որ «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածում նշված` մամուլի ազատության պաշտպանություն գոյություն չունի Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների այլ տարածքներում», որտեղ նա ի նկատի ունի նաև Լեռնային Ղարաբաղը: Զեկուցող Արիևն անգամ ծանոթ չէ Մարդու իրավունքների ասպարեզում հետազոտություններ կատարող հեղինակավոր միջազգային կազմակերպությունների, օրինակ Ֆրիդոմ Հաուզի զեկույցներին, որտեղ Լեռնային Ղարաբաղում խոսքի ազատությունը գնահատվում է որպես մեծապես ազատ: Այս տվյալներն, ի դեպ, շատ ավելի լավն են, քան Ադրբեջանում տիրող իրավիճակը, որտեղ մամուլի ազատություն գրեթե չկա»,- նշել է հայ պատգամավորը:
Նա շեշտել է նաև այն, որ զեկուցողն անտեսել է այս փաստերն անգամ այն բանից հետո, երբ նրան տրամադրվել է այս տեղեկատվությունը, անգամ ավելին` նա բացարձակապես մերժել է գործակցության բոլոր եզրերը:
«Զեկուցող Արիևը ոչ միայն ինքը չհայցեց տեղեկատվություն ուսումնասիրվող տարածաշրջանի մասին, այլ զարմանալիորեն դադարեց նամակներ և հեռախոսազանգեր ստանալ մեզանից այն բանից հետո, երբ մենք առաջարկեցինք հիմնվել ոչ միայն Ադրբեջանական պրոպագանդայի վրա:
Այս խիստ կարևոր թեմային վերաբերող լուրջ և խորը հետազոտություն կատարելու փոխարեն զեկուցողը մտել է քաղաքական դաշտ, օգտագործում է միակողմանի, վտանգավոր բառապաշար, որ մի անգամ մեզ արդեն հանգեցրել են 2016 թվականի ապրիլյան տխուր դեպքերի: Բացատրեմ. ունենալով ԵԽԽՎ-ի որոշակի աջակցությունը նմանատիպ մի զեկույցի ընդունման հարցում` այս փաստը ևս ազդել է զեկույցի ընդունումից ընդամենը երկու ամիս անց Ադրբեջանի կողմից նախաձեռնած լայնածավալ հարձակմանը, երբ օգտագործվեց ծանր հրետանի խաղաղ բնակչության հանդեպ»,- ասել է Կարապետյանը:
Ի դեպ, հայ պատվիրակի խոսքով, այս չորսօրյա պատերազմի դեպքերը հենց ռազմական գործողությունների վայրից լուսաբանելու համար Լեռնային Ղարաբաղի հանրապետություն էին մեկնել մեծ թվով հեղինակավոր միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներ.
«Միայն ապրիլի 1–ից 8-ը այստեղ են եղել 68 լրագրող, 37 լրատվամիջոց, հետագայում նրանց են միացել մոտ հարյուր լրագրող ևս: Այդ թվում` CNN, RAI, Al Jazeera, New York Times, Lifenews, Medusa և այլն: Ձեզանից շատերը, վստահ եմ, որ կհիշեն ԼՂՀ Արտաքին գործերի նախարարի CNN ուղիղ եթերում: Արդյոք այս փաստը հաստատում է, որ Ղարաբաղում խոսքի ազատություն չկա: Ոչ, սա հաստատում է ճիշտ հակառակը:
Ցավով պետք է փաստեմ, որ առանց ուսումնասիրության վայր մեկնելու և տեղում փաստահավաք գործունեություն անելու զեկույց պատրաստելը դարձել է սովորական երևույթ: Հպարտորեն հիշեցնեմ` մեկ տարի առաջ մենք մերժեցինք նման մի զեկույց, եկեք վերջ դնենք Ժողովրդավարության բնօրրանում այս արատավոր երևույթին:
Մենք չենք կարող աչք փակել այն երևութի վրա, թե ինչպես է Ժողովրդավարության բնօրրանը քայլ առ քայլ վերածվում Կաշառակերության բնօրրանի: Իրականում ես մեծ ափսոսանքով եմ նշում սա, սակայն զեկուցող Վոլոդիմիր Արիևի հարցազրույցը, որում նա ներողություն է հայցում Հեյդար Ալիևից, իր մեծ սերն է արտահայտում Ադրբեջանի նախագահի և նրա երկրի հանդեպ, հաստատում է Ադրբեջանի շահերը ներկայացնելու հարցում զեկուցողի խորը շահագրգռվածությունը:
Եկեք ոչ ոքի թույլ չտանք վտանգելու մեր հեղինակությունը»,- կոչ է արել Նաիրա Կարապետյանը:
«Հստակ է, որ մամուլի ազատությունը ժողովրդավարության առանցքն է։ Եթե մամուլի ազատությունն ապահովված է, ապա ժողովրդավարությունը շանս ունի, եթե լրագրողները զրկված են լուսաբանելու հնարավորությունից, ապա ժողովրդավարությունը վտանգված է և շատ ազգեր դառնում են իրենց ավտոկրատ ռեժիմների պատանդներ»,- զեկույցի քննարկման ժամանակ ասել է ՀՀ պատվիրակության մեկ այլ անդամ Սամվել Ֆարմանյանը։
Նա նշել է, որ չի խոսելու Հայաստանի մասին, քանի որ, բարեբախտաբար, զեկույցում Հայաստանին հղում չկա և Հայաստանը մամուլի ազատության լավ ցուցանիշ ունի։
«Ես կխոսեմ զեկույցում Լեռնային Ղարաբաղին զարմանալի հղման մասին։ Ես այն կանվանեմ բավական մանիպուլյատիվ։ Պարոն Արիևը մամուլի ազատության զեկույցում նշում է, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս է ու այն ոչ թափանցիկ ու անօրեն տարածք է։ Պարզ հարց է առաջանում․ ինչո՞ւ է այս հղումն այնտեղ․ քանի որ Ադրբեջանի կառավարությանն անհրաժեշտ է այն։ Կարծո՞ւմ եք, թե այս հղումն արվել է, քանի որ Ադրբեջանի կառավարությունը մտահոգված է մամուլի ազատությամբ։ Երբե՛ք։ Նրանք անհանգստանում են ավելի շատ Լեռնային Ղարաբաղում մամուլի ազատության մասին, բայց ոչ Ադրբեջանում։ Բոլորս լավ գիտենք, թե ինչ է կատարվում Ադրբեջանում։Սա իսկապես ծիծաղելի է։
Եվս մեկ հարց է առաջանում․ ինչու է պարոն Արիևը գրել այս ձևակերպումն այստեղ։ Դժբախտաբար, ոչ այն պատճառով, որ պարոն Արիևն այցելել է Ղարաբաղ կամ կատարել փաստահավաք այց, նա անգամ չի օգտագործել Freedom House-ի զեկույցը, որտեղ Ղարաբաղն ավելի լավ ցուցիչ ունի, քան Ադրբեջանը, այլ քանի որ, ինչպես մենք տեսնում ենք նրա՝ ադրբեջանական մամուլին տրված հարցազրույցից, որտեղ նա ներողություն է խնդրում Իլհամ Ալիևից՝ ասելով, որ իր տատիկն ադրբեջանցի է։ Սա նրա խոսքերն են։ Վերջապես, մենք պետք է հիշենք, որ մենք մարտադաշտում չենք, մենք պատանդներ չենք ու ես գիտեմ, թե Դուք որքան եք հոգնել հայ-ադրբեջանական կռիվներից»,-ասել է Սամվել Ֆարմանյանը՝ կոչ անելով աջակցել ներկայացված փոփոխություններին։
«Եկեք հստակ ուղերձ հղենք նախագահ Ալիևին, որ նա պետք է գտնի շուկաներ առևտրի համար, Ստրասբուրգի փոխարեն»,-խոսքը եզրափակեց Սամվել Ֆարմանյանը։
Սակայն, չնայած հայ պատվիրակների զեկույցներին, հունվարի 24-ին ԵԽԽՎ-ում ձայների` 32 կողմ, 96 դեմ հարաբերակցությամբ մերժվել է հայկական պատվիրակության առաջարկը վերանայել ու Արիևի հեղինակած «Լրագրողների նկատմամբ հարձակումներն ու մամուլի ազատությունը Եվրոպայում» զեկույցի 9-րդ կետը:
Այսպիսով՝ ոչ հայանպաստ դրույթը պահպանվել է։
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում քննարկվել է «Լրագրողների նկատմամբ հարձակումներն ու մամուլի ազատությունը Եվրոպայում» զեկույցը, որի զեկուցողն է ուկրաինացի պատգամավոր Վոլոդիմիր Արիևը։
Զեկույցը պատրաստվել է ԵԽ-ում 2015թ․-ի ապրիլին ստեղծված «Լրագրության պաշտպանության և լրագրողների անվտանգության խթանման պլատֆորմի» գործունեության հիման վրա։
Զեկույցում Վոլոդիմիր Արիևը ողջունում է, մասնավորապես, Ադրբեջանում Խադիջա Իսմայիլովայի ազատ արձակումը։
Արիևը անդրադառնում է մամուլի ազատության հարցերին հակամարտության գոտիներում։
«ԵԽԽՎ-ն խոր մտահոգությամբ նշում է, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով նախատեսված լրատվամիջոցների ազատությունը բացակայում է նաև անդամ երկրների այն տարածքներում, որոնք դե-ֆակտո վերահսկվում են անջատողական ռեժիմների կողմից՝ մասնավորապես Ադրբեջանում՝ Լեռնային Ղարաբաղում, Վրաստանում՝ Աբխազիայում ու Հարավային Օսեթիայում, ու Մոլդովայում՝ Մերձդնեստրում»,-ասվում է զեկույցում։
Այս դրույթի հետ կապված ներկայացվել է 3 փոփոխություն, որոնցով առաջարկվում է վերոնշյալ անունները փոխարինել «հակամարտության գոտիներով»։





