AM
4 Փետրվար 2017 - 08:31 AMT

Տեսադասերի կազմակերպումը ստանձնած մենթոր դպրոցների ցանց է ձևավորվել

Ձևավորվել է տեսադասերի կազմակերպման պատասխանատվությունը ստանձնած մենթոր դպրոցների ցանցը, որոնցից յուրաքանչյուրն աշխատում է իր խմբում ընդգրկված հեռավոր գյուղերի դպրոցների հետ: Այդ մասին հայտարարել է ԿԳ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը տեսադասերի և հեռավար կրթության հարցերով զբաղվող աշխատանքային խմբի հերթական խորհրդակցության ժամանակ

Խորհրդակցությանը մասնակցել են ԿԳՆ հանրակրթության վարչության պետը, տեսադասերի կազմակերպման մենթորությունը ստանձնած առաջատար դպրոցների տնօրենները:

Ներկայացնելով աշխատանքային խմբի գործունեությունը` Սահակյանը նշել է. «Գյուղական հեռավոր դպրոցների և առաջատար դպրոցների միջև աշխատանքային մշտական ռեժիմ սահմանելու խնդիր է առաջացել, քանի որ կան դպրոցներ որտեղ համապատասխան առարկայի մասնագետներ չկան: Տեսադասերի կազմակերպումն, իհարկե խնդրի հիմնական լուծում չէ՝ որևէ տեսադաս չի կարող փոխարինել ուսուցչին»:

Նա հավելել է, որ քննարկվում է հեռավոր գյուղական դպրոցներում մասնագետների բացը լրացնելու նպատակով խրախուսական մեխանիզմներ ներդնելու հարցը:

Տեսադասերի իրականացման հաջորդ նպատակը օժտված և տաղանդավոր երեխաների բացահայտումն է, որոնց հետագայում կարող ենք օլիմպիական խմբակներում ընդգրկել: Մենթոր դպրոցների առանձնացմամբ, սակայն, մենք տեղերում աշխատող ուսուցիչների հեղինակությանը վնասելու նպատակ չունենք. սա ընդամենը աջակցություն է, փորձի փոխանակում, որը կարող է երկուստեք օգտակար լինել»,- ընդգծել է Սահակյանը:

Քննարկման ընթացքում մենթոր դպրոցների տնօրենները ներկայացրել են իրենց խմբում ներգրավված դպրոցների խնդիրները, որոնք բազմազան են՝ սկսած տեխնիկական սարքավորումների առկայությունից և ինտերնետ կապի որակից մինչև մասնագետների բացակայություն: Գյուղական դպրոցներում շատ հաճախ բացակայում են տեսադասերի կազմակերպման համար անհրաժեշտ թվով համակարգիչներ և այլ միջոցներ, շատ դեպքերում էլ համապատասխան առարկաները դասավանդող ուսուցիչները չեն տիրապետում տեսադասեր վարելու և կազմակերպելու հմտություներին:

Առաջարկվել է տեսադասերի կազմակերպման մեթոդի ուսուցման վերապատրաստում իրականացնել: Հանձնարարվել է յուրաքանչյուր մենթոր դպրոցում ունենալ տեսադասերի կազմակերպման պատասախանատու, ով ամեն շաբաթ ԿԳՆ հանրակրթության վարչությանը կներկայացնի կատարված աշխատանքն ու իրենց խմբերում ներգրավված դպրոցների խնդիրները:

Տեսադասերի և հեռավար կրթության փորձնական փուլը շարունակվելու է մինչև այս ուսումնական տարվա ավարտը: «Փորձնական ծրագրի հիմնական արդյունքները կամփոփվեն ուսումնական տարվա ավարտին, որից հետո համապատասխան առաջարկություն կներկայացվի ՀՀ կառավարություն՝ տեսադասերը որպես հիմնական կրթական բաղադրիչ ուսումնական պլաններում ընդգրկելու վերաբերյալ»,- նշել է ԿԳ նախարարի տեղակալը:

Խորհրդակցությանը հրավիրված էր նաև AVC ընկերության ներկայացուցիչը: Ընկերությունը հեռավար կրթության արդյունավետ փորձ ունի, աշխատում է սփյուռքի հայկական դպրոցների և կենտրոնների հետ և ապահովում է Հայկական վիրտուալ համալսարանի գործունեությունը: