AM
12 Սեպտեմբեր 2007 - 09:50 AMT

EAFJD. Եվրախորհրդարանի պատգամավորը Թուրքիայի վերաբերյալ բանաձեւում անտեսել է այնպիսի կարեւոր հարց, ինչպիսին Հայոց ցեղասպանությունն է

Եվրոպայի հայերի դաշնությունը (EAFJD) կոչ է անում Եվրոպայի հայերին համապատասխան քայլեր ձեռնարկել Թուրքիայի վերաբերյալ բանաձեւի նախագծում, որի հեղինակն է Նիդերլանդներից Եվրախորհրդարանի պատգամավոր Ռիա Օոմեն-Ռյույտենը, մի շարք լուրջ թերությունները շտկելու համար: Սեպտեմբերի 13-ին բանաձեւը կքննարկի Եվրախորհրդարանի Արտաքին գործերի կոմիտեն: Փաստաթուղթը ողջունում է Թուրքիայում գրանցված առաջընթացը եւ նշում է այն ոլորտները, որոնք չեն համապատասխանում եվրոպական չափանիշներին: Մինչդեռ, EAFJD-ն նշում է, որ բանաձեւը, փաստերի չհավասարակշռված ներկայացման պատճառով, նահանջ է արվել սկզբունքային դիրքորոշումից, որն իր արտացոլումն է գտել Եվրախորհրդարանի բանաձեւերում 2000 թվականից ի վեր:

«Մենք համագործակցում ենք Եվրախորհրդարանի բոլոր ժողովրդավարական ուժերի հետ, երաշխավորելու համար, որ այս բանաձեւը ճշգրիտ կերպով կարտացոլի այն փաստը, որ Թուրքիան չի կատարում եվրոպական ընտանիքի առջեւ ստանձնած իր պարտավորությունները: Եվրախորհրդարանը չպետք է թույլ տա բանաձեւի հեղինակին նվազեցնել, լռության մատնել կամ լիովին անտեսել փաստաթղթում այնպիսի կարեւոր հարցեր, ինչպիսիք են Հայոց ցեղասպանությունը, քրդական հիմնախնդիրը եւ Կիպրոսի օկուպացիան: Մենք կոչ ենք անում ողջ Եվրոպայի մեր բարեկամներին եւ գործընկերներին պարզաբանել Եվրախորհրդարանի անդամներին եւ եվրոպական այլ առաջնորդներին նման չհավասարակշռված բանաձեւի ընդունման վտանգը»,-հայտարարել է Եվրոպայի Հայկական դաշնության նախագահը: EAFJD-ն կոչ է անում նաեւ հայկական կազմակերպությունների առաջնորդներին համակարգված կերպով համագործակցել` ողջ հայ համայնքի ներուժը այս խնդրի լուծման համար օգտագործելու նպատակով: